Երեկ «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այցելել էր Գյումրի՝ հանդիպելու գյումերցիների հետ։ Մի խումբ գյումրեցիներ փակել էին ճանապարհը՝ Վազգեն Մանուկյանին թույլ չտալու մտնել Գյումրի։ Այնուամենայնիվ, Մանուկյանին հաջողվեց մտնել Գյումրի և հանդիպել գյումրեցիների հետ, իսկ ճանապարհը փակած գյումրեցիների մասին Վազգեն Մանուկյաննը ասել էր հետևյալը․ «Բոմժեր էին, որոնց փող էր բաժանված, ուրիշ ոչինչ»։
Ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր, ծնունդով շիրակցի Սոֆյա Հովսեփյանն անընդունելի է համարում նմանատիպ ցանկացած արտահայտություն։ Ըստ նրա՝ սա խոսում է հայաստանյան քաղաքական դաշտի չկայացվածության մասին։ «Որևէ մեկն իրավունք չունի, հատկապես նա, ով հավակնում է երկրում լինել առաջին դեմքերից մեկը, ունենալ նման վարքագիծ։ Սա ցույց է տալիս, որ Վազգեն Մանուկյանը իրավունք չունի և ի վիճակի չէ լինել քաղաքական առաջնորդ»։
Պատգամավորը կարծում է, որ Վազգեն Մանուկյանը պետք է ներողություն խնդրեր նույն օրը արած արտահայտության համար․ «Ավաղ չի արել, և կարծում եմ, որ քաղաքական այդ 16 ուժերը պետք է քննարկեն և իրենց առաջնորդ ընտրած անձին առաջարկեն հրապարակավ ներողություն խնդրել թե՛ գյումրեցիներից, թե՛ ողջ հանրությունից, որովհետև դա կարող է կրկնվել Սյունիքում, Տավուշում, Երևանում։ Եվ վերջապես, ընդդիմություն կլինի, իշխանություն կլինի, անկախ քաղաքական հայացքներից՝ այսօր պետք է նրանց գործողությունները միտված լինեն երկիրը ճգնաժամից հանելուն՝ ոչ թե այն բաժան-բաժան անելուն և ատելություն տարածելուն»,- եզրափակեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
