Զեկույցից կարող էինք դասեր քաղել․ Անդրանիկ Քոչարյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի 97 էջերից բաղկացած զեկույցը, արդեն հաստատված և իր կողմից ստորագրված, ուղարկվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։

Խախտվել են զեկույցի հրապարակման ժամկետները՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով, սակայն Քոչարյանը կարևորում է զեկույցի հասանելիությունը բոլորին, դրա ուսումնասիրությունը, որի արդյունքում վեր կհանվեն Քառօրյա պատերազմի թերացումները։

Պատգամավորը նշեց, որ զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել, և եթե պատերազմը չլիներ, միգուցե դասեր քաղած կլինեինք, ինչը հնարավորություն կտար գոնե հասկանալու հիմնական հարվածային ուղղությունները, որոշակի ռազմավարություն մշակելու և ճիշտ սպառազինվելու հնարավորություն կտար։

Զեկույցում Քոչարյանը տեսնում է խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեին անմիջապես Ապրիլյանից հետո, բայց դա չի արվել։ Դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք կլինեն պատասխանատվության ենթարկվող պաշտոնյաներ, բայց այսօր մեղավորներ և դավաճաններ փնտրելու ժամանակը չէ, ըստ պատգամավորի՝ պետք է կենտրոնանալ և համախմբվել առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար։

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ՊՆ նախկին նախարար Սերյան Օհանյանի հանձնարարականով կատարվել են որոշակի ուսումնասիրություններ, որոնց մեջ եղել են արժեքավոր տեղեկություններ, և դրանցից օգտվել է քննիչ հանձնաժողովը, բայց դրանք լիարժեք չեն եղել։

Այլ Գրառումներ