Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող ելույթում օգտագործել է ձևակերպումներ,որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են:Մասնավորապես, ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ, ողջ հայ ժողովրդին ահաբեկող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ: Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն. սա իր հերթին ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի` անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խախտումներով, հայկական խաղաղ բնակավայրերին զանգվածային ավերածություններ պատճառելով: Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաև այս պատերազմից առաջ` տարբեր ժամանակահատվածներում:Այս ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դատապարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զինվորականները մեր երկրի սահմանային բնակիչների ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ: Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով, որոնք բխում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին սահմանային բնակիչների հասցեագրած ահազանգերից, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումից`1) «Բարի գալուստ Ադրբեջան» նշագրումով ու ՀՀ տարածքի մասեր ընդգրկող քարտեզով ցուցանակի տեղադրումը Հայաստանի Սյունիքի մարզի երկու համայնքները` Գորիսն ու Որոտանը, իրար միացնող ճանապարհի միջնամասում ու դա խաղաղ բնակիչներին ահաբեկող եղանակով կատարելը.2) Սյունիքի խաղաղ բնակավայրերում քաղաքացիական տների վրա ադրբեջանական դրոշներ տեղադրելն ու խաղաղ բնակիչներին ակնհայտ վիրավորող տեսանյութեր հրապարակելը` նրանց նաև ահաբեկելու նպատակով և այլն: Եվ խաղաղ բնակիչներին սադրող այս գործողություններն արվում են մարդկության դեմ ուղղված ու պատերազմական այն հանցագործությունների ֆոնին, որ այս պատերազմի ընթացքում կատարել են ադրբեջանական զինված ուժերը հայ ժողովրդի նկատմամբ:Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 7-ի ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները ոտնահարում են միջազգային մարդասիրական ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքը: Դրանք բացարձակ դատապարտելի են, որ շարունակում են պետական ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյաց քաղաքականությունն ու թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ:

Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Այլ Գրառումներ