6 կուսակցություններ փորձում են ներկաներին ու նախկիններին այլընտրանքային բևեռ ստեղծել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

6 ոչ մեծ կուսակցություններ՝ «Ազգային առաջընթացը», «Ազգային ինքնորոշում» միավորումը, «Ժողովրդավարական հայրենիքը», «Հայ կառուցողական կուսակցությունը», «Հայրենիք և պատիվը», «Հայքը» և «Պահպանողական կուսակցությունը» այսօր հայտարարություն են տարածել, որով կոչ են արել նոր համախմբման: 

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում». Արցախյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Հայաստանի պետությունը Ադրբեջանի հետ համակեցությունը կարող է հիմնել միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա»,-մասնավորապես հայտարարել են նրանք՝ հավելելով, որ «պետք է րոպե առաջ հասնել ժողովրդին երկրի տերը դարձնող Սահմանադրության ընդունմանը և դրան համապատասխանեցված ընտրական օրնեսգրքով նոր իշխանությունների ձևավորմանը»: 

Միևնույն ժամանակ նրանք մերժում են նաև «նախորդ դրածո ռեժիմի սպասարկուների հավակնությունները»: 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետորս Մակեյանը NewArmenia.am-ին ասաց, որ իրենց քննարկումները 1 ամսից ավելի գնում են: «Երկրում տեսնում ենք խորը ճգնաժամ նախկինների և ներկաների միջև, պետք է հանրությանը այլընտրանք առաջարկել, որը հույսի ազդակ կդառնա»: Ըստ Մակեյանի՝ իրենք բանակցում են չեզոք ուժերի հետ, որոնք ոչ իշխանություն են, ոչ նախկիններից կազմված ընդդիմություն: 

Նրանք Հայաստանի զարգացումը տեսնում են բալանսավորված, ոչ թե միայն Ռուսաստանի հետ: Նաև մերժում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու առաջարկները և քննարկումները: 

Հարցին, թե համախմբումը հնարավո՞ր է վերածվի դաշինքի՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, Մակեյանն ասաց. «Հիմա որևէ բան չեմ կարող ասել, բայց ոչ մի բան չես կարող բացառել»: Այժմ բանակցում են նաև Սասնա ծռերի և Եվրոպական կուսակցության հետ: 

«Կարծում եմ՝ պետք է համախմբվենք, այլընտրանք չունենք, խորը անդունդում ենք գտնվում: Հատկապես, երբ տեսնում ենք, որ Գեղամյան, Բաբուխանյան Հայաստանի անկախությունն ուզում են հանձնել Ռուսաստանին: Պետք է ազգովի խելքի գանք, հակառակ դեպքում պետականության վերջին ակունքներն էլ կվերացնենք»,-զգուշացում արեց Մակեյանը: 

6 կուսակցությունները քննարկել են Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներին մասնակցելու հարցը: Որոշել են, որ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է դա որոշելու: 

Ըստ Մակեյանի՝ իրենք արտահերթ ընտրությունները տեսնում են հետևյալ կերպ՝ նվազագույնը 6 ամիս անց պետք է նշանակվի ընտրության օրը, Փաշինյանը պետք է հրաժարական տա և «Իմ քայլից» նոր, կոմպրոմիսային վարչապետ ընտրվի, որպեսզի նախկիններից կազմված 17-ի ընդդիմությունը, որը սպառնալիքների կոչեր է անում, խոսքից  չանցնի գործի. «Մենք Հոկտեմբերի 27, Մարտի 1 տեսած մարդիկ ենք: Չի բացառվում, որ իրենք խոսքից գործի անցեն»:

Մեր հարցին, թե եթե «Իմ քայլից» այլ վարչապետ լինի, արդյոք նախկինները «խոսքից գործի» չե՞ն անցնի, Մակեյանը պատասխանեց. «Իհարկե, չեն անցնի»

Մարինե Խառատյան

Այլ Գրառումներ