Ռուս-թուրքական փոխհարաբերությունները բավականին հետաքրքրիր շրջափուլ են տեղափոխվել։ Առաջին հայացքից դրանք գործընկերային են և նույնիսկ բարեկամական։ Առնվազն, պաշտոնական հայտարարություններում պետությունների ղեկավարներն ու արտգործնախարարները հենց այդ համատեքստում են փորձում հանդես գալ։ Բայց պաշտոնականից զատ նկատվում են խորը հակասություններ, որոնք գոնե առայժմ կարգավորվում են դիվանագիտական ճանապարհով։
Գոնե վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև գոյություն ունեցող հակասություններն ու անհամաձայնությունները սահմանափակված էին միայն Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմներով։ Բայց խնդիրներն արդեն իսկ դուրս են եկել Մերձավոր Արևելքից ու Հյ․ Աֆրիկայից՝ հասնելով մինչև Հարավային Կովկաս։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ասվածի լավագույն վկայությունն է, ինչի հետևանքով Թուրքիան կրկնապատկեց իր ներկայությունը տարածաշրջանում՝ ուղղակիորեն սպառնալիք դառնալով Ռուսաստանի ազգային անվտանգությանը։
Ղարաբաղում գոյություն ունեցող ռուս-թուրքական հակասությունների մասին ակնարկում են բոլորը, բայց կողմերը դեռևս շարունակում են մնալ համագործակցային դաշտում։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերային փոխհարաբերությունները երբեք երկարաժամկետ բնույթ չեն կրել և մշտապես ընդհատվել են բախմամբ։
Պատմականորեն Ռուսաստանը գրեթե միշտ Թուրքիայի համար ունեցել է մահակի կարգավիճակ, իսկ վերջինս էլ եղել է այն պատնեշը, որը կանխարգելել է Ռուսաստանի ներթափանցումը Մերձավոր և Միջին Արևելք, ինչպես նաև՝ բացարձակ հեգեմոնիան Սև ծովում։ Բայց կողմերի փոխհարաբերություններում բնորոշ է եղել նաև Ռուսաստանի՝ Թուրքիայի համար ժամանակավոր այլընտրանքի կարգավիճակը, մասնավորապես՝ 1831-33թթ. Թուրք-եգիպտական պատերազմի ժամանակ Նիկոլայ 1-ը և ռուսական նավատորմը բառացիորեն Օսմանյան կայսրությունը փրկեցին կործանումից ու մասնատումից, և ի վերջո, Առաջին աշխարհամարտում ջախջախված, մասնատված Թուրքիան կարողացավ վերակենդանանալ և նոր շունչ առնել Խորհրդային Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնության միջոցով։ Վերոհիշյալ օրինակները վառ ապացույցն են այն բանի, որ Ռուսաստանն իսկապես Թուրքիայի համար պատմական տարբեր ժամանակամիջոցներում եղել է ժամանակավոր այլընտրանք։ Իսկ ժամանակավոր, քանզի կողմերի միջև երկարաժամկետ մերձեցումն անհնար է այնքանով, որ դրանք առաջին հերթին աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդներ են։ Բացի այդ, ներկայիս մերձեցումն Անկարան օգտագործում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները վերադասավորելու և Ռուսաստանի միջոցով կողմերի միջև խուսանավելու համար` ինչպես մեր նշած և այլ պատմական տարաբնույթ ժամանակաշրջաններում։ Բայց նույնիսկ իրերի այսպիսի դասավորության պայմաններում քողարկված մրցակցությունն ու հակամարտությունը մշտապես պահպանվել է, քանի որ նույնիսկ կարճաժամկետ մերձեցման պայմաններում դրանք շարունակել ու շարունակում են մնալ հակառակորդներ մեծ տարածաշրջանի գրեթե բոլոր հատվածներում՝ Լիբիայից մինչև Ղարաբաղ, և Սիրիայից մինչև Միջին Ասիա։ Այսինքն, Ռուսաստանն ու Թուրքիան անխուսափելի և ճակատագրական մրցակիցներ են, որոնց բնորոշ են ժամանակավոր սիրախաղերն ու երկարաժամկետ կոնֆլիկտները։ Այս իմաստով Ղարաբաղը բացառություն չի կարող լինել, քանի որ Մոսկվան չի կարող հանդուրժել թուրքական լայնամաշտաբ էքսպանսիան Հարավային Կովկասում։ Ինչ-որ մի օր դրանք բախվելու են և ամենայն հավանականությամբ` հայ ժողովրդին վերստին ոտնակոխ անելով։
Անահիտ Փանոսյան
