Սեղմում են Ռուսաստանին, ճզմվում է Հայաստանը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը շատ թանկ ջանք է գործադրել Արցախում արյունահեղությունը դադարեցնելու համար, ժամերով ցած չդնելով հեռախոսը: Պեսկովը հայտարարել է, թե պատերազմը սպառնում էր նաև Ռուսաստանին: Ըստ նրա, ակտիվ մարտական գործողությունները անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ էին, ինչը միջազգային հանրությունը չպետք է թույլ տար:

Պեսկովը անում է մի կողմից տարօրինակ ու տարակուսելի հայտարարություն, մյուս կողմից հայտարարություն, որը պարտության պարզ խոստովանություն է: Ընդ որում, խոսքը լայն իմաստով պարտության մասին է: Պեսկովը փաստորեն խոստովանում է, որ Մոսկվան այլևս ի զորու չէ անմիջապես իր սահմանների հարևանությամբ պատերազմ թույլ տալ-չտալու հարցում, և «հղում» անում միջազգային հանրությանը: Այդ «հղումն» էլ խոստովանության մյուս ասպեկտն է, որ միջազգային հանրությունը կարող էր թույլ չտալ: Բայց, դրա համար «միջազգային հանրությունը» պետք է ունենար շարժառիթ, պատճառ: Նախ իհարկե հարկ է արձանագրել, որ միջազգային հանրություն ասվածը թերևս գերազանցապես Միացյալ Նահանգներն են ու ՆԱՏՕ-ն, որոնք ներկայումս Թուրքիայի հանդեպ մարտավարական զսպման միակ գործուն մեխանիզմներն են: Ռուսաստանն այդ մեխանիզմների հանդեպ վարում է թշնամական քաղաքականություն, այդ մեխանիզմի հանդեպ դիրքավորվել է առնվազն որպես անզիջում հակառակորդ:

Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է նրանք թույլ չտան, որպեսզի իրենց մարտավարական զսպման կարողության գոտում գտնվող Թուրքիան պատերազմ չսկսի իրենց ռազմավարական հակառակորդ և անգամ որոշակիորեն թշնամի դիրքավորված Ռուսաստանի սահմանի հարևանությամբ, Ռուսաստանի կենսական ազդեցության գոտում: Եվ այդ հարցը «միջազգային հանրության» մոտ առաջանում է ի ցավ հայկական պետականության ու հայության, որովհետև սեղմում են Ռուսաստանին՝ «ճզմվում» է Հայաստանը: Ասել, թե Հայաստանում չի գիտակցվել այդ խնդիրը, կլինի թերևս սխալ: Բայց Հայաստանում չի գտնվել մեխանիզմը, բանաձևը և քաղաքական կամքն ու համարձակությունը, և թերևս նաև աշխարհաքաղաքական իրողությունները «օրորոցում» գնահատելու իմաստնությունն ու դիտողունակությունը, որը թույլ կտար ձևավորել այդ հետևանքից խուսափելու ադյունավետ մեխանիզմներ:

Մինչդեռ խնդիրը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլ սրվել է ավելի: Եթե Ռուսաստանում ի վերջո ազատվելով մեծապետական բարդույթից գնահատեն իրավիճակն ու գան քաղաքական որոշման, որ ռուսական պետականության հեռանկարի համար Արևմուտքի, ոչ թե Թուրքիայի հետ պայմանավորվածությունն է արժանապատիվ, Հայաստանի համար կլինի իրավիճակի էական լիցքաթափում: Բայց Հայաստանը ի վերջո պետք է կարողանա գտնել իր ճակատագիրն իր ձեռքը վերցնելու բովանդակային բանաձևերը, էապես տարանջատվելով Ռուսաստանի ճակատագրից: Ընդ որում, խոսքը ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունից և աշխատանքից, այլ Ռուսաստանի ճակատագրից տարանջատվելու մասին է: Որովհետև գուցե այդ դեպքում է, որ Մոսկվայում կսկսեն մտածել նաև հայության և Հայաստանի ճակատագրի մասին:

Այլ Գրառումներ