եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը» օգտագործել, 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու. ՀՀ նախագահ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:

Ինձ համար կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա»,- ասել է Արմեն Սարգսյանը։ 

Նա նշել է, որ հանդիպել է վարչապետին, նաև ընդդիմախոսներին, շարունակելու է հանդիպել և փորձելու է բոլորին բերել մի սեղանի շուրջ։ «Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում, որը շատ պարզ է և հասարակ՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես: Ընդ որում, եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել, որպեսզի հույս տալ, քանի որ մարդիկ հույսով են ապրում։ 1990-ականների սկզբին ոչ գազ կար, ոչ փայտ կար, մարդիկ սոված էին, բայց հույս ունեին, որ կհաղթենք պատերազմը, պետություն կունենանք և այլն։

Երկիրն առաջ տանելու հսկայական ներուժ ունենք։ Եվ եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը», մեր հարստությունն օգտագործել, որը դուք եք, մենք ենք, սրանից 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու։ Մենք այն շատ քիչ ազգերից ենք, որ փոքր պետություն ենք, բայց գլոբալ ազգ, պետք է կարողանանք օգտագործել այդ առավելությունը։

Այս երկուսուկես տարում ինձ համար ամենադժվար բանը եղել է այն, որ ես ամեն օր աշխատել եմ, բայց իմ հնարավորությունների երևի հինգ տոկոսի չափն եմ տվել այս երկրին՝ ես գործադիր նախագահ չեմ։ Իմ միակ գործիքն իմ խոսքն է, իսկ խոսքը՝ մարդկանց հույս տալը։ Իմ երազանքն է՝ ստեղծել պայմաններ, որ հաջորդ սերունդն իր մտածելակերպով, վերաբերմունքով, մշակույթով, նվիրվածությամբ, ազնվությամբ գա իշխանության, և այդ մարդիկ 10, 20 տարի առաջ տանեն երկիրը»։

Այլ Գրառումներ