ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում զանգել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին` ուղիղ եթերում բանավիճելու հրավերը պնդելու համար։
«Չեմ ուզում զանգել, որովհետև երբ Սեյրան Օհանյանը գլխավորում էր քաղաքական հայտարարություն արած նախկին զինվորականների ցուցակը, մինչև էդ տեքստը գրելը կարող էր խորհրդակցել ինձ հետ։ Ես հիմա առաջարկում եմ ու թող գա, խոսենք։ Եթե ինձ հարգում է, Սամվել Բաբայանին հարգում է, ես կողմ եմ, որպեսզի այդ ամենը լինի հրապարակային։ Որպեսզի ես իրեն հարցնեմ՝ էդ տունդ ի՞նչ միջոցներով ես սարքել։ Էդ գեներալների ունեցվածքի մասին եմ ուզում հարցնել։ 14 գեներալների ունեցվածքն ինչի՞ հաշվին է կուտակվել։ Բիզնեսմե՞ն էին»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով Սեյրան Օհանյանի պատասխանին։
Նշենք, որ NewArmenia.am-ն արդեն իսկ հրապարակել է Սեյրան Օհանյանի պատասխանը՝ կապված Անդրանիկ Քոչարյանի` բանավեճի հրավիրելու հետ։
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հերքեց՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն բանավեճի չի հրավիրել»,- ասել է Օհանյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ»։
