Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ուկրաինան Սև ծովում դաշինք են ձևավորում ընդդեմ Ռուսաստանի. Greek City Times

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն 2020-ի հուլիսին այցելել էր Լոնդոն՝ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև առևտրային կապերն ամրապնդելու համար: Երկու երկրներն էլ ունեն իրենց շահերը երկկողմ համագործակցության մեջ:

Ուկրաինան, մյուս կողմից, պատրաստ է տրամադրել իր տարածքը բրիտանական զորքերի տեղակայման համար, իսկ ռազմական համաձայնագրերը և Էրդողանի կարծիքը Ղրիմի՝ ուկրաինական պատկանելիության վերաբերյալ նրան ավելի են մերձեցնում Թուրքիային: Այսպիսով, աստիճանաբար ձևավորվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական երեք երկրների դաշինք: Այս մասին գրում է հունական Greek City Times-ը:

Թուրքիան և Բրիտանիան գիտեն, թե «ում դեմ ընկերություն անել»: Այսպես, Բրյուսելը գոհ չէ Թուրքիայում մարդու իրավունքների վիճակից և թույլ չի տալիս Անկարային մուտք գործել Եվրամիություն: ԵՄ քաղաքական գործիչները անհանգստացած են նաև Էրդողանի աշխարհաքաղաքական նկրտումներով Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին էլ պետք է հաջողություն մաղթել՝ թուրքերի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելուց հետո:

Եվրոպայում Լոնդոնը նույնպես երկիմաստ է ընկալվում Brexit-ից հետո, բացի այդ, այն Արևմուտքում Անկարայի քիչ բարեկամներից մեկն է: Այս առումով, Լոնդոնի և Անկարայի միջև հարաբերությունները մերձեցման հստակ միտում ունեն: Դեռևս ԵՄ կազմում լինելով՝ Մեծ Բրիտանիան հանդիսանում էր այս կազմակերպության անդամակցության Թուրքիայի հիմնական աջակիցներից մեկը:

Եվրամիությունը լքելուց հետո Մեծ Բրիտանիան ձգտում է կառուցել դաշինքների սեփական համակարգ՝ ընդգծելով Թուրքիայի առաջատար դերը: Միևնույն ժամանակ, Լոնդոնը շատ զուսպ է վերաբերվում Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի գործողություններին:

Այս կապակցությամբ Մոսկվայի վախերը սրվում են Սև ծովի ափին գտնվող ուկրաինական Նիկոլաև քաղաքում բրիտանական զորքերի հնարավոր տեղակայման մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին:

Ինչ վերաբերում է Կիևին, ապա վերջինս բարենպաստ է համարում Անկարային՝ Ղրիմի պատկանելիության մասին իր հակառուսական հայտարարություններով: Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների ռազմական համագործակցությունը նույնպես ակտիվացել է, մասնավորապես՝ Ուկրաինայում թուրքական մարտական անօդաչու սարքերի արտադրության հարցում:

Աղբյուր՝ www.tert.am

Այլ Գրառումներ