Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի եւ այդ վիճակի մանրամասների մասին:Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն:Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին:Առաջիկայում մեր ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը հետեւյալն է.1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում:10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:Այս ամենի կարեւորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է եւ երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում:Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։Փոփոխությունների իմաստը եւ նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը եւ կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը:Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ.Այս միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտեւի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ: Ուզում են նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայը» խմբակցությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել։ Ի գործ։ — գրել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում:
