Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ կատարել Ռասայական խտրականության ձևերի վերացման մասին ստանձնած իր պարտավորությունները

հեղինակ - David Khalatyan

Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 11-ին նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝

— հակահայկական տրամադրությունների տարածումը,

— հակահայկական քարոզչությունը վերացնելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկումը ձախողելը,

— պետական մարմինների կամ հանրային հաստատությունների կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրական վերաբերմունք խրախուսելը կամ այն հրահրելը,

— էթնիկ հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկելը, ինչպիսիք են՝ անձի անվտանգության ապահովման, սեփականության և մշակութային ժառանգություն հանդիսացող կոթողներ մուտք գործելու և դրանցից օգտվելու իրավունքները,

— իրավասու ներպետական դատարանների և պետական իրավասու այլ մարմինների կողմից էթնիկ հայերի իրավունքների արդյունավետ պաշտպանության և վերականգնման ձախողումը,

— և հայերի էթնիկ զտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը», — ասված է հաղորդագրությունում:

ԱՀՆ-ն հայտնում է, որ նշված նամակում Հայաստանը պահանջում է Ադրբեջանից իր կոնվենցիոն պարտավորությունների կատարում և հրավիրում վերջինիս բանակցությունների եղանակով քննարկել Կոնվենցիայի պահանջների խախտումները:

«Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Կոնվենցիայով սահմանված կարգով», — նաև ասված է հաղորդագրությունում:

Այլ Գրառումներ