Իրանը հարձակողական ստորաբաժանումներ է տեղեկայել հյուսիսային սահմանին եւ անվտանգային որեւէ ոտնձգության դեպքում կտա շատ կոշտ պատասխան: Այդ մասին խոսել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուսիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար Ալի Հաջիլուն, որը հայտնել է սահմանին բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի որոշ ստորաբաժանումների տեղակայման մասին:
Ուշադրության է արժանի ստորաբաժանումների բնույթը՝ հարձակողական, ինչը նշանակում է, որ Իրանի հյուսիսային սահմանին ռազմուժի տեղակայումը չի սահմանափակվում պաշտպանական խնդիրներով: Այլ կերպ ասած, Իրանը պատրաստվում է հարձակողական գործողությունների, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Թեհրանը չի սահմանափակվելու իր սահմաններով:
Այսինքն, Իրանն անհրաժեշտության դեպքում պատրաստվում է ռազմական գործողությունները սահմանից այն կողմ տեղափոխելու եւ խնդիրներ լուծելու գործողության: Հարցն այն է, թե ո՞ր դեպքն է համարվելու անհրաժեշտություն: Ըստ ամենայնի, խոսքը Իրանի տարածքի հանդեպ ֆիզիկական ոտնձգության ռիսկի մասին չէ, կամ միայն դրա մասին չէ: Իրանը թերեւս զորքի բնույթով ակնարկում է, որ անվտանգային ռիսկ եւ ոտնձգություն է դիտարկելու նաեւ սահմանից անդին որոշակի փոփոխությունների հավանականությունը կամ վտանգը:
Մասնավորապես, այդ համատեքստում ուշադրության է արժանի այն, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական գրոհի թուրքական պլանում ուրվագծվում է Նախիջեւան-Ադրբեջան ցամաքային կապի նպատակը:
Հենց այդ դիտարկումն է թերեւս Իրանին տվել հարձակողական ստորաբաժանումների տեղակայման հիմք, հայտարարելով, որ Թեհրանը թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն: Ավելորդ է խոսել այն մասին, որ Նախիջեւան-Ադրբեջան ցամաքային կապը գործնականում լինելու է Իրանի շահին ու անվտանգությանը հասցված թուրքական էական հարված:
Սակայն խնդիրը թերեւս լոկ ՀՀ Մեղրու սահմանագոտին չէ: Իրանի համար սկզբունքային է որոշակի «անվտանգության» գոտու հարցը, այն իմաստով, որ Մեղրին չվերցվի թուրք-ադրբեջանական «աքցանի» մեջ, թողնելով այսպես ասած «բլից-կրիգի» վտանգի տակ:
Հատկանշական է, որ իրանցի թե քաղաքական, թե ռազմական պաշտոնյաներ այս օրերին այցելում են Խոդա Աֆերինի շրջան, մինչեւ ուր առաջխաղացում է արձանագրել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական միավորումը: Ըստ ամենայնի, դրանից ավելի առաջխաղացումը Իրանն այլեւս դիտարկում է կենսական սպառնալիք նաեւ իր սահմանի համար, ինչին էլ ի պատասխան փորձում է զգուշացնել հարձակողական ստորաբաժանումների տեղակայումով:
Առավել եւս, որ այստեղ կա մեկ այլ խնդիր: Ի վերջո, թուրքական ագրեսիան կարող է ռեգիոնալ քաղաքական օրակարգում առաջ բերել Հայաստանի հարավի անվտանգային հարց եւ այնտեղ դաշնակցային պարտավորության շրջանակում ռուսական զինուժի որոշակի տեղակայման խնդիր: Առավել եւս, որ այս օրերին տեղի է ունեցել ռուսական ռազմական ժամանակավոր ճամբարի տեղակայում:
Իրանի համար ինչպես անցանկալի է թուրք-ադրբեջանական «մոտիկությունը», այդպես էլ ցանկալի չի լինի Հայաստանի հարավում ռուսական ռազմական մշտական ներկայությունը, ինչը Թեհրանն ակնարկել է տարիներ շարունակ: Միաժամանակ, Թեհրանի համար պարզորոշ տեսանելի է այն անվտանգային սպառնալիքը, որը կարող է առնվազն լինել այդօրինակ հարցերի քննարկման հիմք: Իրանն ունի դա թույլ չտալու տարբերակ:
Նյութի աղբյուրը ՝ lragir.am
