Լուկաշենկոն զանգահարել է Փաշինյանին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հեռախոսազրույցը, որի ընթացքում հասկանալիորեն քննարկվել են արցախյան գոտում Ադրբեջանի հրահրած պատերազմի հետ կապված իրադրությանը վերաբերող հարցեր: Լուկաշենկոյի զանգի պարագայում հետաքրքիր է այն, որ նույն օրը նա խոսել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որը ներկայացրել էր ադրբեջանական պրոպագանդայի հայտնի «թեզերը»՝ հայերի նախահարձակ լինելու և այլնի մասին: Պրոպագանդայից դուրս, սակայն, Ադրբեջանի իշխանության՝ սեփական հանրությանը տեղեկատվական տոտալ բլոկադայի ենթարկելու հանգամանքը հուշում է, որ թուրքական հրահրումով Բաքվի սանձազերծած պատերազմը գործնականում վերածվել է ռազմական և քաղաքական ծուղակի, որից դուրս գալու առումով էլ Ալիևը թերևս խնդրել է իր ընկեր Լուկաշենկոյին խոսել Նիկոլ Փաշինյանի հետ: Ալիևի ճակատագիրը այժմ, անշուշտ, Հայաստանի ձեռքում է, սակայն դա, թերևս, այլևս այն հարցը չէ, որ պետք է լինի Երևանի ուշադրության կենտրոնում, որովհետև Հայաստանի ձեռքում գործնականում հայտնվել է Ալիևի վերադասի՝ Էրդողանի ճակատագիրը: Հայ ժողովրդի միակամ, համազգային կոնսոլիդացիայով կազմակերպված վճռական դիմադրությունը անկասկած խափանել է պատերազմ նախաձեռնելու թուրքական հաշվարկը, և իր պայմանները լսելու ակնկալիքի փոխարեն, Անկարան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, այդ թվում՝ մասնավորապես Ռուսաստանից լսեց բավականին կոշտ մերժում:

«Երրորդ կողմի ներգրավումը վնասակար է», նախօրեին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Պեսկովը, անշուշտ նկատի ունենալով Թուրքիային, որը փորձում է դառնալ գործընթացի մասնակից կողմ: Այն, որ Էրդողանի խոփը դեմ է առել ոչ թե քարին, այլ պատի, այն էլ բազմաշերտ, վկայում է նրա արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: Նա հայտարարել է, թե զայրացուցիչ է, որ Մինսկի խումբը կոչ է անում անհապաղ դադարեցնել պատերազմը, ոչ թե պահանջում է «Ադրբեջանի տարածքներից» հայկական ուժերի դուրսբերում: Բանն այն է, որ Կովկասի ավանտյուրայում նրա տապալումը բերելու է ընդհանրապես էրդողանյան մեծապետական օսմանյան քաղաքականության փլուզման: Ավելին, Լուկաշենկոյին Ալիևի գանգատը արդեն իսկ թերևս խոսում է դրա մասին, Ալիևն արդեն իսկ փորձում է գտնել ելքն իր համար և պայմանավորվել արդեն Մինսկի խմբի համանախագահության, ոչ թե Էրդողանի «օսմանյան կայսրության» շրջանակում:

Աղբյուրը՝ 1in.am

Այլ Գրառումներ