Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդհատել է հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն և վերադարձել հայրենիք: Վեհափառն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել հրավիրյալ եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հետ։
Հանդիպումը սկսվեց միասնական աղոթքով և Հայոց հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությանը նախ զեկույցներ են ներկայացվել Արցախում տիրող իրավիճակի և արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունների մասին։
Իր հերթին Ամենայն հայոց կաթողիկոսը տեղեկություններ է փոխանցել Վատիկանում սեպտեմբերի 27-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ կայացած հանդիպման վերաբերյալ, անդրադարձել նույն օրը Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։
Վեհափառ հայրապետը տեղեկացրել է Քույր եկեղեցիների հովվապետերին, կրոնապետերին և մի շարք երկրների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուներին Ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրություններ առաքելու մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մայր Աթոռի կառույցների և թեմերի կողմից առկա կացության առնչությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ի զորակցություն Արցախի և հայոց բանակի։
«Թեմակալ առաջնորդներին կփոխանցվի Նորին Սրբության թելադրությունը՝ մասնավոր հովվական խնամք և հոգատարություն ցուցաբերել մարտի դաշտում քաջաբար զոհված զինվորների սգացյալ ընտանիքներին, եկեղեցականների այցելություններ կազմակերպել հիվանդանոցներ՝ տեսակցելու վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին։
Կարևոր նկատվեց թեմերում հոգևոր հովիվների քաջալերությունը և զորակցությունը զինվորագրվող և Արցախ մեկնող կամավորական խմբերին։ Շրջաբերական կառաքվի նաև սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ հայրենիքին, ըստ ամենայնի, զորակցելու ցուցումներով։
Որոշվեց սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սուրբ Գայանե վանքում կատարել Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։
Ձեռնարկվելիք մնացյալ քայլերի մասին կծանուցվի առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ։
