Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի ներկայացուցիչներ,
Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետև մենք նաև խորհրդարանների միջև գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլև մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական ընդհանուր տեսլական, և այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի և ձևավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, և փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ հեշտացնում է մեր բոլորիս աշխատանքը և նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:
Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները:
Աղբյուր՝ www.tert.am
