Հետաձգվել է սեպտեմբերի 24-25-ը Եվրախորհորհրդի կողմից անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովը, որը պետք է քննարկեր նաև Արևելյան Միջերկրականի հարցը:
Նախապես սեպտեմբերի 24-25-ը պլանավորված գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 1-2-ը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ինքնամեկուսացման պատճառով։ Նա, ինչպես պարզվել է, շփվել է կորոնավիրուսով վարակված անվտանգության աշխատակցի հետ:
Հիշեցնենք, որ ԵՄ գագաթնաժողովում նախատեսվում էր քննարկել Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակը, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկը:
Վերջին շրջանում Աթենքի և Անկարայի միջև լարվածությունը սրվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավի կողմի իրականացվող սեյսմիկ հետազոտական աշխատանքների հետ կապված: Կողմերն ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են վեճը լուծել բանակցությունների միջոցով, սակայն պնդում են սեփական իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում, ինչպես նաև զորավարժություններ անցկացնում:
Աղբյուրը՝ 1in.am
