ՀՀ ՏԿԵ և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրությունը ստորագրվել է

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև այսօր ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։

ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ փոխնախարար Արմեն Սիմոնյանը կարևորել է ձեռք բերված համաձայնությունները, որոնք արտացոլված են արձանագրությունում, ընդգծել, որ դրանք երկարատև քննարկումների արդյունք են։

Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը գոհունակությունն է հայտնել արձանագրության ստորագրման առիթով և նշել, որ սա երկու կողմերի համար էլ շատ կարևոր իրադարձություն է։

Կողմերը հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում կայացված փոխշահավետ որոշումները խթան կհանդիսանան հետագա քննարկումների համար և նոր շունչ կհաղորդեն «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը։

Արձանագրությունը ստորագրվել է՝ հիմք ընդունելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ինչպես ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նստաշրջանի, այնպես էլ՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի ընթացքում ծագած տարաձայնությունների լուծման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում։

Նշյալ արձանագրության ստորագրումը կարևոր նշանակություն ունի «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա գործունեության համար և թույլ կտա լուծել նրա առջև դրված այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների և ուղևորների փոխադրումների ծավալի մեծացումը և երկաթուղային շարժակազմի թարմացումը:

Նյութի աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Այլ Գրառումներ