Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում Գաբրիել Բալայանը մանրամասն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագծին, որով սահմանվում են աշխարհազորի ստեղծման, ղեկավարման և աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը նշել է․
?Համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի անմիջական առկայության դեպքում:
?Զենք բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում:
?Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու, ինչը նշանակում է, որ քաղաքում զինված մարդիկ չեն շրջելու:
?Աշխարհազորը կկազմակերպվի քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր և կգործի ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից։
?Աշխարհազորում կներգրավվեն մինչև 70 տարեկան անձինք։
?Հավաքագրման գործընթացը խաղաղ պայմաններում կամավոր բնույթ է կրելու, իսկ զորակոչվելուց հետո արդեն աշխարհազորայիններին կտրվի զինծառայողի կարգավիճակ` դրանից բխող սոցիալական երաշխիքներով։;
?Աշխարհազորի առաջարկվող մոդելը հայկական է, չնայած այլ երկրների փորձը, իհարկե, ուսումնասիրված է։
?Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու:
?Մարտական գործողությունների դեպքում հրամանատարներ են դառնում համայնքների ղեկավարների և մարզպետերի տեղակալները: Նախատեսվում է նաև, որ այդ պաշտոնները կզբաղեցնեն պաշտոնաթող զինվորականներ:
?Աշխարհազորային ստորաբաժանումը պետք է կազմակերպի նաև քաղաքացիական պաշտպանություն, օրինակ, բնակչության տարհանում, ամրաշինական աշխատանքների կազմակերպում:
Նյութի աղբյուր՝ mil.am
