ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, խոսել է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի մասին: Այս մասին նախարարն ասել է.
Իրականացվում է ծառայողական քննություն, նաև քրեական գործ է հարուցված կամ կհարուցվի մոտ ժամանակներս, ինչի արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել:
Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվե՞լ է, արդյոք այլ պայմաննե՞ր են եղել՝ մենք պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչությունն Ադրբեջանում այցելի մեր զինծառայողներին, որը ըստ մեր տեղեկությունների, մինչ այս պահը դեռ չի կատարվել, նշել է նախարարը:
Անդրադառնալով այն հարցին, թե միջազգային հանրությունը ինչպես է արձագանքել խնդրին, Տոնոյանը նշեց, որ գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որոնցով ցանկացած իշխանություն, նաև Ադրբեջանի իշխանությունները, տեղեկացվում են, զգուշացվում են, որ իրենք խախտում են կատարել, դրանից հետո արդեն լինում են արձագանքներ տարբեր ձևաչափի: Մենք վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ շրջանակում, և՛ Կարմիր խաչի, և՛ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որ մեր զինծառայողները վերադարձվեն, բայց կան նաև վերադարձման ինչ-որ պայմաններ՝ փոխանակել և այլն: Գլխավորը, որ անվտանգ և առողջ լինեն,- հավելեց Տոնոյանը:
