Դեպքը տեղի է ունեցել կիրակի, երբ 29-ամյա Բլեյքը փորձել է միմյանց հետ վիճող երկու կնոջ իրարից բաժանել։ Տղայի ընկերուհու՝ Լակեշ Բուքերի խոսքով՝ նրա մոտ զենք չի եղել, իսկ ոստիկանները նրա վրա կրակել են թիկունքից։ Վիրավոր անձը տեղափոխվել է Միլուոքիի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Նշվում է, որ հաջորդ օրը քաղաքում անկարգություններ ու թալան է սկսվել, ինչի հետ կապված՝ քաղաքային իշխանությունները մինչև երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 07:00-ը պարետային ժամ են հայտարարել։
Քաղաքային ոստիկանական գերատեսչությունից հայտնել են, որ նման քայլը ձեռնարկվել է «թալանի բազմաքանակ դեպքերի հետևանքով»։ Ցուցարարները քաղաքային դատարանի դռներն են կոտրել, հրդեհել են մի քանի շենք ու մեքենա։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ իշխանությունները պատրաստվում են քաղաքային շրջան Ազգային գվարդիայի ուժեր մտցնել։ Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը, թվիթերյան էջում մեկնաբանելով Կենոշա քաղաքում կատարվող իրադարձությունները, նշել է, որ «ռասիզմը հասարակության ճգնաժամային վիճակն է ցուցադրում, և ժամանակ կորցնել չի կարելի»։
Իսկ քաղաքապետ Ջոն Անթառամյանը մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է, որ Բլեյքին վիրավորած ոստիկանության աշխատակիցները գումարի բացակայության պատճառով իրենց մարմնին փակցված տեսագրման սարքեր չեն ունեցել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր էին սկսվել ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիները ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն ոստիկանին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:
Նյութի աղբյուրը՝ Թերթ
