Անդրադառնալով բելոռուսական իրադարձություններին վերլուծաբանների մի մասը այդքան էլ լավատես չեն Լուկաշենկոյից հետո եկող իրավիճակի մասով։ Պատճառն այն չէ, որ այս մարդիկ հետադեմ են, դեմոկրատ չեն, երկրի առաջընթացի խոչընդոտները չեն պատկերացնում, արդարացնում են դիկտատորին և այլն, և այլն։ Բանն այն է, որ խորհրդային միութենական պետության փլուզումից հետո համապետական սեփականությամբ և վարչահրամայական մեթոդներով կառավարվող տնտեսական համակարգը հետխորհրդային հանրապետությունների մեծ մասում փլուզվեց և վայրի չհաշվարկված մեթոդներով անցում կատարվեց շուկայական կապիտալիստական տնտեսավարմանը։ Արդյունքում փոշիացվեցին արդյունաբերական հզորությունները և ինչպես Հայաստանում, դժվար թե դրանք երբևիցե վերականգնվեն։ Բելոռուսում այս գործընթացը սառեցվել է, հիմա այն ավտորիտար դիկտատորական կառավարմամբ, արևմտյան չափանիշներով ոչ ժողովրդավար երկիր է, բայց ունի հզոր արդյունաբերություն, կայուն պետական մասնաբաժնով։ Քաղաքական ներկա համակարգի փլուզումը հնարավոր է, որ ստիպի բելոռուսներին երեսուն տարի ուշացումով անցնել շոկային թերապիայի միջով և տնտեսական մեծ անկման շեմին կանգնել։ Այս է խնդիրը։ Եթե նոր իշխանությունները կարողանան ապահովել սահուն և աստիճանական անցում, գուցե և հաջողվի խուսափել ցնցումներից։ Ես նույնպես այդքան էլ լավատես չեմ։
