Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս փոփոխություններով ավելանալու են առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, փոխարենը նվազեցվում են այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանական ծախսերը։
Հաստատված տարբերակում ծախսերը նույնն են, ինչպես ներկայացվել էին Միլլի Մեջլիսում։ Օգոստոսի 5-6-ը խորհրդարանում բյուջեի փոփոխություններն ընդունվել էին երկու ընթերցմամբ։
Ըստ նոր փոփոխությունների՝ Ադրբեջանում նախատեսում են պաշտպանական ծախսերը կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1,3 տոկոսով։ 2019թ. նախատեսված 3 մլրդ 853.5 մլն մանաթի փոխարեն պաշտպանական ծախսերին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 804 մլն մանաթ (~ 2 մլրդ 238 մլն դոլար՝ օգոստոսի 12-ի փոխարժեքով)։
2020թ. բյուջեի փոփոխությունների հայտարարված նպատակը պաշտպանության և անվտանգության ոլորտի միջոցառումների իրականացման համար պահուստ ստեղծելը, երկրին կորոնավիրուսի հասցրած վնասների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը, առողջապահության ոլորտում իրականացվելիք լրացուցիչ լայնածավալ միջոցառումների համար հավելյալ կարիքների ապահովումը, համավարակից տուժած տնտեսական ոլորտին և բիզնեսներին, բնակչության խոցելի խմբերին պետական աջակցության շարունակումն ապահովելն, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին բյուջեի աճող ծախսերի և նվազող եկամուտների արդյունքում կանխատեսվող անկայունությունը վերացնելն է։
Նյութի աղբյուրը՝ razm.info
