Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել և նրանց խոշտանգել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ռադիոկայանի փոխանցմամբ՝ վերջինս իր տրանսպորտային միջոցը վարել է լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել է ցույց չտալ իր առանձնատունը:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ ապամոնտաժվելու են Սևանա լճի ափամերձ տարածքում կառուցված բոլոր ապօրինի առանձնատները և այլ շինությունները: Առաջին հերթին քանդվելու են բոլոր այն շինությունները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1903 մետրից ցածր հատվածում։ Քանդման վտանգի տակ են նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող շքեղ առանձնատները։
