«Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ հայկական զորք»․ թուրք ազգայնական կուսակցապետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Թուրքական ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին իր կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

Դեսթիջին, մասնավորապես, նշել է, թե «եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»:

Դեսթիջին իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների կապակցությամբ և նշել, որ «եթե Հայաստանը ցանկանում է ապրել այս տարածաշրջանում, ուրեմն Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրա բարեկամությանն այլընտրանք լինել չի կարող»:

Ասուլիսի ժամանակ Դեսթիջին քննարկել է նաև «Ստամբուլյան կոնվենցիայի» հարցը և կողմ է արտահայտվել դրանից Թուրքիայի դուրս գալու նախաձեռնությանը:  

Նյութի աղբյուրը՝ tert.am

Այլ Գրառումներ