Եթե Ամուլսարի շահագործումը վնաս է տալու, ապա մարդիկ թող ոչ աշխատեն, ոչ էլ բացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ջերմուկի բնակիչների շրջանում անցկացրած հարցումը, ցույց տվեց նրանց վերաբերմունքը Ամուլսարի հնարավոր շահագործման հետ կապված:

Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը՝ եթե Ամուլսարի շահագործումը վնաս է տալու մեր հողին, ջրին, բերքին, ապա պետք է չբացվի. «Եթե վնաս է տալու, ապա մարդիկ թող ոչ աշխատեն, ոչ էլ բացվի»:

«Միանշանակ դեմ եմ հանքի շահագործմանը. մարդիկ 10 տարի աշխատանք կունենան, բայց դրանից հետո և՛ աշխատանքից կզրկվեն, և՛ կունենան ավերված բնություն: Ամուլսարի պատճառով կտուժի ամբողջ Հայաստանը: Երկիրը պիտի դարձնենք անապա՞տ, հիվանդների թիվն ավելացնե՞նք, առանց այն էլ Հայաստանում քաղցկեղը քանի գնում՝ շատանում է, թե՞ Հայաստանը դատարկելու նոր ձև են գտել՝ ուզում են Հայաստանը դատարկեն»,- նշեց մեր հաջորդ զրուցակիցը:

Նա հույս հայտնեց, որ վարչապետ Փաշինյանը կլսի ժողովրդի ձայնը և թույլ չի տա հանքը շահագործել. «Այլապես տխուր բաներ կլինեն, ժողովուրդը շուտ չի նահանջի»:

«Միանշանակ սարը պետք է մնա սար»,- իր կարծիքը հայտնեց Երևանի բնակիչներից մեկը և հավելեց, որ շահագործման ժամանակ Ջերմուկում իր հանգիստն անցկացնելիս երբ անձրև էր գալիս, սև մեքենան դառնում էր դեղին գույնի, ծտեր էին ընկնում ու սատկում:

Աղբյուրը՝ 1in.am

Այլ Գրառումներ