«Աշխարհի մարտիկ» բանակային խաղերի մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Միջազգային բանակային խաղեր-2020»-ի շրջանակներում «Աշխարհի մարտիկ» մրցույթը այս տարի կանցկացվի նաև Հայաստանում։ Ընդհանուր 30 խաղից 24-ն անցկացվելու է Ռուսաստանում, 2-ական՝ Բելառուսում և Ուզբեկստանում, 1-ական՝ Հայաստանում և Ադրբեջանում։ Բանակային խաղերն անցկացվելու են օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանում է անցկացվելու «Ծովային գավաթ» մրցույթը։

Այս տարվա բանակային խաղերը նախատեսված էր անցկացնել 11 երկրում, սակայն նոր կորոնավիրուսային համաճարակի պատճառով 6 երկիր՝ Մոնղոլիան, Չինաստանը, Շրի-Լանկան, Իրանը, Հնդկաստանն ու Ղազախստանը, հրաժարվել են խաղերն ընդունելուց։

Սիրիական պատերազմի փորձը հաշվի առնելով՝ մրցույթների պայմաններն ավելի են դժվարացել։ Օրինակ «Տանկային բիաթլոն» մրցույթում ավելանալու է թիրախների քանակն ու դրանց խոցման տարբերակները, իսկ «Մաքուր երկինք» մրցույթի մասնակիցները խոցելու են նաև ԱԹՍ-ներ։

Նշենք, որ Հայաստանում անցկացվելիք «Աշխարհի մարտիկ» մրցույթը 2019 թվականին նույնպես անցկացվել էր Հայաստանում և նախորդ տարի Իրանի, Ռուսաստանի, Հունաստանի, Ղազախստանի և Բելառուսի թիմերի հետ պայքարում Հայաստանի թիմը հաղթանակ էր գրանցել։

Նյութի աղբյուր՝ razm.info

Այլ Գրառումներ