Ռուսաստանի իշխանությունները հստակ չեն պատկերացնում՝ ում հետ գործ ունեն, վստահ եմ՝ այդ բախումները ադրբեջանական համայնքը չի կազմակերպում. Լուսիկ Ղազարյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղազարյանը 1in.am լրատվականի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ։ կազմակերպված սադրանքներին։

-Տիկին Ղազարյան, նախորդող օրերին Մոսկվայում  բախումներ տեղի ունեցան տեղի հայերի ու ադրբեջանցիների միջև։ Գիտեմ, որ ՌՀՄ-ն ակտիվ աշխատանքներ է տանում, հանդիպումներ ունենում։ Արդյոք հնարավոր եղավ իրավիճակը հանդարտեցնել։

Տվյալ պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Իրավապահ մարմինները երեկ բավականին  կոշտ գործողություններ են իրականացրել նրանց նկատմամբ, ով մասնակցում էր այդ հարձակումներին։ Կան ձերբակալվածներ։ Երեկ գիշերին մոտ նորից որոշակի խնդիրներ առաջացան, բայց կոնկրետ այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է։ Բայց նորից կոչ ենք անում մեր հայրենակիցներին նման էմոցիոնալ հավաքներ չկազմակերպել։Երեկ երբ բոլորն արդեն ցրվել էին, նորից հավաք եղավ հայկական եկեղեցու մոտ։ Չարժե նման  բաներ անել, որովհետև դա չի նպաստում խնդրի՝ արագ ու վերջնական լուծում ստանալուն։ Հայտնվել են «հասարակական գործիչներ», որոնք ելույթներ են ունենում, ասում են, որ ամբողջ  խնդիրը լուծել են, բայց հետո նորից բախումներ են տեղի ունենում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ անհայտ մարդիկ իրենցից «հասարակական գործիչ» են երևակայում, գնում են իրենց երկրի դեսպանատուն ու ուղիղ եթեր մտնում, ցուցադրում ամբողջ երկրով մեկ։ Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ ադրբեջանական ցուցարարները գնան իրենց դեսպանատուն, տեսախցիկը միացնեն ու Բյուլբյուօլղլուին  ուղիղ եթերով ցուցադրեն։ Ոմանց՝  յութուբի աստղ դառնալու ցանկությունը կարծես թե գերազանցում է սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ հարգանքի զգացում ունենալուն։

-Դուք նշեցինք կան ձերբակալվածներ, նաև հայերի՞ շրջանում։

-Կան նաև հայերի շրջանում ձերբակալվածներ։ Մեր իրավաբանները 11-ից  7 հայ ձերբակալվածներին կարողացել են արդեն ազատություն տրամադրել։ 4-ը այս պահի դրությամբ  դեռ շարունակում են մնալ ձերբակալված։

-Խնդիրը հայերի ու ադրբեջանցիների մեջ է, բայց Ռուսաստանի տարածքում։ Ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի  արձագանքը ստեղծված իրավիճակին, ինչքանո՞վ է  տեղի իշխանությունների մոտեցումն ադեկվատ։

-Սա Ռուսաստանի համար անշուշտ մեծ խնդիր է, ինչ հնարավոր է  հիմա արվում է։ Ռուսաստանի առաջին դեմքից սկսած՝ մինչև բոլոր կառույցները՝ ՖՍԲ, ոստիկանություն… բոլորը զբաղվում են այդ հարցով։Բայց ինձ թվում է՝ Ռուսաստանի իշխանությունները լիովին չեն  պատկերացնում ում հետ գործ ունեն, իրենց թվում է՝ համայնքի խնդիրն է։ Սա Ռուսաստանի դեմ դրսի ուժերի սադրանք է, որն արվում է Իլհամ Ալիևի կողմից, թե ով է իր հետևում կանգնած՝ կարող ենք ենթադրել։ Պարզապես օգտագործում են հայ-ադրբեջանական խնդիրը, որպեսզի Ռուսաստանի դեմ անեն այն, ինչ Նավալնին չի կարողանում անել։ Ում հետ մենք ենք շփվում՝ բարձր մակարդակով, այդ հասկացողությունը կա։ Օրինակ՝ մեր հայրենակիցներն այդ հավաքների ընթացքում էմոցիոնալ խոսում են, երևում է , որ անկազմակերպ մասսա, է, իսկ նրանք կարծես «սպեցնազ» լինեն, մտնում շատ արագ գործում ու դուրս են գալիս՝ 3 կամ 4 հոգով։Ես վստահ եմ, որ դա համայնքը չի կազմակերպում, դրսից կազմակերպված ուժեր են, որոնք գործում են ոչ թե հայերի , այլ Ռուսաստանի դեմ։ Պարզապես հայերին որպես առիթ են օգտագործում։

Աղբյուրը` 1in.am

Այլ Գրառումներ