Հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով. Արման Թաթոյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ որոշ եզրահանգումներ:

Նա նշել է. «Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումները հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով:

Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:

Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով՝ անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:

Հրավիրում եմ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դա պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով: Այսօր միջազգային կառույցներին կուղարկեմ պաշտոնական նամակներ»:

Այլ Գրառումներ