Այսօր՝ հուլիսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո մեծապես ամրապնդվել է: Ի լրացումն սրան՝ նա արձանագրեց Ադրբեջանի հետ կարաբերություններում հայկական կողմի դիրքորոշումը մի քանի կետերով: Դրանք են՝
1. Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից մենք խիստ կարևորում ենք Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը:
2. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:
3. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:
4. Բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են, և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է ետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:
5. Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները: Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ միջազգային հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ: Արդեն երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի և այլ իրավունքները: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:
6. Հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե պետական սահմանին և թե շփման գծում:
Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ:
7. Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճառականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:
