Այսօր Աղդամի ազատագրման 27-րդ տարեդարձն է

հեղինակ - admin

Աղդամ քաղաքը Արցախյան պատերազմի հենց սկզբից վերածվեց ադրբեջանական խոշոր ռազմական հենակետի։ Դեռևս 1991թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանցիները գրավեցին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները։ Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, ինչպես նաև Աղդամին հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի ինքնապաշտպանության ուժերի առջև խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից թշնամին պարբերաբար 152մմ հեռահար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։ 

Ամեն ինչից բացի, Աղդամը նաև կոմունիկացիոն կարևոր հանգույց էր։ Այսպիսով ադրբեջանական այդ հենակետի ոչնչացման խնդիրը օր օրի ավելի էր հասունանում, և հուլիսի 4-ին հայկական ուժերը սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը։ Համառ մարտերի արդյունքում  Աղդամում գտնվող ադրբեջանական զորքերի գլխին կախվեց լիակատար շրջափակման մեջ հայտնվելու անմիջական վտանգը և ադրբեջանցիները լիակատար ջախջախումից խուսափելու համար ստիպված նահանջեցին:  Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։

Եվ այսօր՝ հուլիսի 23-ին, Աղդամի՝ հայկական Ակնայի ազատագրման 27-րդ տարեդարձն է:

Այլ Գրառումներ