ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական փոփոխությունների փաթեթը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը, որում ընդգրկված է եղել Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը՝ կապված ամերիկյան ռազմական օգնության հետ։
Փալոնի առաջարկած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:
Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:
Նշենք նաև , որ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետի շրջանակում ԱՄՆ ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թվականից ի վեր: Վարչակազմի այդ որոշումը քննադատում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը: Ի պատասխան քննադատության, ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին ու տարածաշրջանին:

Այլ Գրառումներ