«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ մի քանի հարց է ուղղել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեֆիլյանին հետաքրքրում է, թե ինչու է խորհրդավոր լռություն տիրում Տավուշի սահմանում տեղի ունեցած ռազմաքաղաքական անցուդարձի առթիվ։ Հայկական բանակն արդյոք ազատագրե՞լ է Ղարադաշ բարձունքը։ Իր գրառման վերջում Սեֆիլյանը նշել է, որ եթե իր բարձրացրած հարցերը հրապարակային պատասխան չստանան, ապա ինչպես եղավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, իրենք կամփոփեն իրականության մասին առկա տեղեկույթը և կներկայացնեն ժողովրդին։
Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հայտնի տեսանյութը տարածող քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշել է, որ ինքն իրավիճակը չի նմանեցնում Ապրիլյան պատերազմի հետ. «Ըստ իս՝ Ապրիլյան պատերազմը փորձ էր Հայաստանին պարտադրել կարգավորման ինչ-որ տարբերակ՝ այսպես կոչված Լավրովի պլանը։
Հայաստանի իշխանություններին պետք չէր ինչ-որ բան հարկադրել, իրենք պատրաստ էին դա անել, բայց պատերազմը նպատակ էր հետապնդում այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայ ժողովուրդը չառարկի Լավրովի պայմանի իրագործման դեմ, ու Ռուսաստանը կարողանա իր զորքերը տեղակայի շփման գծում, հանդիսանա բաժանարար ֆունկցիա իրականացնող կողմ։ Իսկ այս իրադարձությունները, որ տեղի ունեցան Տավուշում, լիովին այլ նպատակ էին հետապնդում, այն է՝ ճնշում Ադրբեջանի ու Թուրքիայի վրա։ Սա կատարվել է ավելի լայն իրադարձությունների համատեքստում, որովհետև այսօր լուրջ լարվածություն է առկա Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Մեկ տարվա ընթացքում, երբ Ռուսաստանը Թուրքիային գազի ամենախոշոր մատակարարն էր՝ 33 տոկոս բաժին ուներ ամբողջ ծավալի մեջ, այսօր ունի ընդամենը 9 տոկոս և չորրորդ տեղն է, իսկ ամենախոշոր մատակարարողը Ադրբեջանն է։
Իհարկե, այդ լարվածությունը Տավուշի շրջանում բացահայտեց, թե որքան խոցելի են Ադրբեջանի կոմունիկացիաները, Թուրքիայի հետ կապող գազատարներն ու նավթատարները»։
Ըստ Ղուկասյանի՝ իրականացվում էր բոլորովին այլ տեխնոլոգիա. «Ուժի կիրառման այդ երկու դեպքերը իրար հետ չէի նույնացնի։ Իրավական առումով, Ապրիլյան պատերազմը ուղիղ և բացահայտ ագրեսիա է Արցախի դեմ։ Տավուշի շրջանում տեղի ունեցած բախումները լիովին այլ ֆորմատի մեջ են, ու հնարավոր չէ նույն չափանիշներով մոտենալ այս երկու իրադարձություններին։ Ինչ վերաբերում է խաբեությանը, ապա թե՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ և թե՛ հիմա, կա որոշակի ինֆորմացիայի պակաս։ Մարդիկ չգիտեն ճշմարիտ տեղեկություններ։ Սեֆիլյանը մատնացույց է անում, որ կան հարցեր, որ պետք է բացահայտվեն։ Գուցե ինքն ավելի է ինֆորմացված, համենայնդեպս, ես նման ինֆորմացիա չունեմ»։
Մեր այն դիտարկմանը, թե կան ռազմաքաղաքական գաղտնիքներ, որոնք գուցե հանրությունը չպետք է իմանա, Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Ես կարծում եմ, որ նման բախումների վերաբերյալ պետք է լիարժեք տեղեկություն լինի, հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել, դիրք են գրավե՞լ, թե՞ ոչ, ՈՒԱԶ են գնդակոծել, ինչո՞ւ… Այդ բոլոր տեղեկությունները մենք չպետք է հակառակորդի կայքերից կամ այլ երրորդ պետությունների ԶԼՄ-ներից իմանանք։ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս դրա վերաբերյալ մի ակնարկ հրապարակեց, որ իսկապես խնդիր է, երբ պաշտոնական տեղեկությունների վերաբերյալ կա անվստահություն, մարդիկ ավելի շատ տրամադրված են հավատալ ոչ պաշտոնական աղբյուրներին։ Սա շատ սպեցիֆիկ երևույթ է և հասկանալի է, թե արմատները որտեղից են գալիս։ 20 տարի մենք ունեցել ենք մի ռեժիմ, որի համար կարևորը իշխանություն պահելն էր և ոչ ժողովրդի շահերը։ Ինֆորմացիայի մանիպուլյացիան առօրյա երևույթ էր՝ հատկապես արցախյան կոնֆլիկտին վերաբերող հարցերը։ Ամեն անգամ, երբ ռեժիմին ինչ-որ բան էր սպառնում, ռեժիմը մատուցում էր այնպես, թե երկիրը հարվածի տակ է, ընդդիմությունը 5-րդ շարասյուն է, օգնում է հակառակորդին։ Կարծես թե այսօրվա կառավարությունը, թեպետ շատ բաներով շարունակում է նախորդ կառավարության քաղաքականությունը, օրինակ, միջազգային հարաբերություններում, այնուամենայնիվ, հանրային տրամադրությունների մեջ մենք հակված ենք մտածել, որ այս կառավարությունն ի վիճակի է լինել հաշվետու, թափանցիկ, ու կարիք չի լինի պաշտոնական աղբյուրներով տված ինֆորմացիան վերստուգել։ Կարծես դա այնքան էլ այդպես չէ, ու ես Ժիրայր Սեֆիլյանի գրառումն անտեղի չէի համարի, կա ինֆորմացիայի պակաս»։
Աղբյուրը ՝ 1in.am
