Մարդկային կյանքն այլ շահերից ավելի կարևոր է… Ամերիկայի Հայկական համագումարը դիմել է Թրամփին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ամերիկայի Հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները: Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նամակում մասնավորապես նշել են. «Ադրբեջանի շարունակական հարձակումները քրիստոնեական Հայաստանի վրա, որոնք սկսվել են հուլիսի 12-ին՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և խրախուսմամբ, պետք է ազդարարեն  վարչակազմի քաղաքականության կտրուկ փոփոխության անհրաժեշտությունը»: Հայկական վեհաժողովը շեշտել է պայքարի այս փուլում ամենից շատ խոսվող կետի մասին. «2016-ի քառօրյա պատերազմից հետո կողմերը պետք է իրականացնեին ուժեղացված մոնիտորինգ և հետաքննական մեխանիզմ՝ օգնելու հրադադարի պահպանման ապահովմանը: Եվ միայն Ադրբեջանն է արգելափակել այդ միջոցառումները, որպեսզի իր լոբբիստներն ու կառավարությունը փորձեն ավելի շատ դաժանություններ կոծկել»։

Համագումարի համանախագահները նշել են նաև ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցության մասին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը ակնհայտորեն նպաստել է Ալիևի վարչակարգի կողմից զինադադարի խախտումներին և անմեղ քաղաքացիների կյանքեր խլելուն: Համանախագահները կոչ են արել վարչակազմին անհապաղ կրճատել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական ֆինանսավորումը և վերականգնել Հայաստանի հետ ռազմական օգնության հավասարությունը:

Բացի այդ, համանախագահները նախագահին հորդորել են հստակ հանրային մեսիջ հղել նաև Թուրքիային:

Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել Ամերիկայի Հայկական համագումարի Տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ։

– Տիկին Վարդանյան, ի՞նչ սպասումներ ունեք, ինչքանո՞վ է հավանական, որ ԱՄՆ նախագահին ուղղված նամակը մեզ համար դրական արձագանք ստանա։

– Մենք արդեն սովորել ենք, որ աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Չնայած տարիներ շարունակ շատ բաներ փորձել ենք ու չի ստացվել, բայց կարծում եմ՝ հնարավոր է, որ Ադրբեջանին ուղղված օգնությունը եթե ոչ դադարեցվի, ապա գոնե կասեցվի։ Պետք է հաշվի առնել այն զարհուրելի քայլերը, որ Ադրբեջանն անում է հայերի նկատմամբ, Հայաստանի դեմ։

– Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ը իր շահերից  վեր կդասի՞ այդ հանգամանքը։ Կա տեսակետ, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է։

– Հնարավոր է, որ այդպես լինի։ Բայց մենք աշխատում ենք Կոնգրեսում, Սենատում, համայնքում, միջազգային այնպիսի կազմակերպություններում, որոնք բարձր են դասում մարդու իրավունքները, պատերազմ չլինելու հանգամանքը։ Մարդկանց կյանքի անվտանգությունը շատ ավելի կարևոր է, քան այլ շահեր, որոնք որևէ մեկը կարող է առաջ բերել։

– Մենք տարիներ շարունակ շատ սերտ աշխատել ենք դեմոկրատների հետ, և որոշ տեսակետների համաձայն՝ բաց է մնում հանրապետականների հետ աշխատանքը։ Ինչքանո՞վ եք կիսում այդ մոտեցումը։

– Գիտեք՝ որոշ չափով ճիշտ է, բայց նայած ով ինչպես է հասկանում։ Մեր կազմակերպությունը ոչ կուսակցական է, մենք աշխատում ենք և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների հետ։ Վերջին տարիների ընթացքում գուցե ավելի շատ դեմոկրատներն են համամիտ եղել հայկական հարցերի հետ։ Բայց պետք է ճիշտ պատկերացնել իրավիճակը՝ Ամերիկայում ընտրողների մեջ կան և՛ դեմոկրատներ, և՛ հանրապետականներ։ Ոչ կուսակցական լինելով մենք կարողանում ենք երկու կողմերի հետ էլ աշխատել ու մեր հարցերն առաջ տանել։ Այս պահին նախագահը հանրապետական է, Սենատը մեծամասնությամբ հանրապետական է, իրենք կարող են այլ հարցեր հաշվի առնելով դեմ քվեարկել այս հարցին, իսկ դեմոկրատները՝ կողմ։ Սա է պատճառը, որ մենք ԱՄՆ-ում մեր ընտրողներին փորձում ենք հասկացնել, բացատրել, համոզել, խրախուսել, որ իրենք կապվեն իրենց ընտրած մարդկանց հետ՝ թե՛ դեմոկրատ և թե՛ հանրապետական, ու իրենց դիրքորոշումը ներկայացնեն։ Ընտրված մարդիկ այդկերպ կհասկանան, թե իրենց ընտրողներն ինչ են մտածում, ինչ մտահոգություններ ունեն։

– Եթե հնարավոր չլինի  հասնել նրան, որ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը կասեցվի, հնարավո՞ր է հասնեք նրան, որ Հայաստանին ևս տրամադրվի ռազմական օգնություն՝ բալանսավորման համար։

– Բալանսավորումը կարևոր  խնդիր է մեզ համար, ու ամեն ինչ պետք է անենք դրան հասնելու համար։ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չպետք է շարունակվի, դա  վտանգ է թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում բնակվող հայերի համար։ Մեր աշխատանքն այս ուղղությամբ շարունակական է լինելու։

Աղբյուրը՝ 1in.am

Այլ Գրառումներ