Իսրայելցի մասնագետներ են հրավիրվել Ադրբեջան՝ բացատրություններ տալու

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հուլիսի 12-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանին տիրում է բավականին լարված իրավիճակ: Տարածաշրջանում ադրբեջանական ուժերի կողմից հարաբերական անդորրը խաթարելու և ապակայունացմանը միտվելու ցանկացած գործողություն միտվում է այս կամ այն երկրի՝ հատկապես Իսրայելի կողմից արտադրված զինամթերքի կիրառմանը:

Այս դեպքում խոսքը գնում է հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից արդյունավետ կերպով  իսրայելական արտադրության ԱԹՍ-ների խոցման մասին: Նախկինում Ադրբեջանն օգտագործում էր Israel Aerospace Industry պետական ձեռնարկության Harop հարվածային ԱԹՍ՝ մոտ 4 միլիոն դոլար արժողությամբ, ու 2017 թվականի Aeronautics Defence System-ի Orbiter 1K հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այնուհետև Բաքվի ձեռք բերած հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ների բանակը համալրվեց Elbit Systems ամենամեծ ոչ պետական ձեռնարկության SkyStriker հարվածային և Hermes 900 հետախուզական ԱԹՍ-ներով:

Յուրաքանչյուր հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ կամ անմիջապես հետո Ադրբեջանի կողմից հրավիրվում են Իսրայելից մասնագետներ, որոնք տեղում իրենց ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի՝ հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվելու փաստերի պատճառները: Այս անգամ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է Elbit Systems-ի թանկարժեք երկրորդ սերնդի գերժամանակակից թռչող հետախուզական Hermes 900 սարքը՝ մոտ 30 միլիոն դոլար արժողությամբ:

Նախկինում հայկական բանակը խոցել էր առաջին սերնդի Hermes 450 տեսակի երկու սարք: Ի դեպ, պետք է փաստել, որ հայկական բանակն աշխարհում միակն է, որ հաջողությամբ խոցում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ները:

Դեպքի առիթով Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի, հայտնի բլոգեր ու լրագրող Ալեքսանդր Լապշինը ասել է.

«Ես կարծում եմ, որ խոշոր ու լայնածավալ հակամարտություն ձեռնտու չէ ոչ Հայաստանին և ոչ էլ Ադրբեջանին, որովհետև բոլորին բավարարում է այն «ստատուս քվոն», որը գոյություն ունի 90-ական թվականների Ղարաբաղյան պատերազմից հետո, և կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված խիստ նվազել են Ադրբեջանի եկամուտները՝ նավթի գների անկման հետ կապված, որն էլ հասարակական դժգոհություններ է առաջացրել չքավորության, կառավարող ռեժիմի դեմ երկրում, ինչի պատճառով էլ ժողովրդի ուշադրությունն ինչպես միշտ սևեռվում է արտաքին թշնամու՝ հայերի դեմ:

Տեղեկություններ են շրջում, որ արդեն Բաքու են ժամանել հրեա մասնագետներ, որոնց ադրբեջանական կողմը հրավիրել է բացատրելու, թե ինչպես են հայկական հակաօդային պաշտպանության ուժերը խոցում հրեական այդքան թանկարժեք ԱԹՍ-ները:

Որքան ես գիտեմ, նրանք արդեն այնտեղ են, բայց ես սա չէի դիտարկի որպես Հայաստանի դեմ սպառնալիք, որովհետև երբ շատ մեծ գումարների զենք է ձեռք բերվում, ապա այն, իհարկե, ուղեկցվում է խորհրդատվությամբ ու տեխնիկական սպասարկմամբ», — ասաց Լապշինը:

«Ես չեմ համաձայնի այն կարծիքին, որ իսրայելական մասնագետները մեկնել են Ադրբեջան, որպեսզի անօդաչու սարքերի հեռակառավարման վահանակները ձեռքերը վերցնեն ու հարվածեն Հայաստանին, սակայն ինչի հետ եմ համաձայն՝ որ նրանք հիմա այնտեղ են ու ադրբեջանական մասնագետներին սովորեցնում են այնպես կառավարել, որ Հայաստանին չհաջողվի ապագայում խոցել այդ ԱԹՍ-ները: Սա հնչում է ոչ գեղեցիկ և շատ ցինիկ, սակայն մենք ապրում ենք մի աշխարհում որտեղ ամեն ինչ որոշում է քաղաքականությունն ու փողը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառնալիքներին Մեծամորի ատոմակայանին հարվածելու հետ կապված, ապա Լապշինն ասաց. «Նրանք այդ քայլին չեն գնա: Մենք, ձեզ հետ միասին, բնակվելով Իսրայելում՝ շատ լավ գիտենք, թե ինչ արժեն սպառնալիքները, որ ուղարկում են, օրինակ, Իրանը, «Հըզբոլահ»-ն ու «Համաս»-ն Իսրայելի հասցեին շաբաթական առնվազն երկու անգամ՝ սպառնալով ոչնչացել Իսրայելը: Մեծամորի ատոմակայանում աշխատում են տասնյակ ու հարյուրավոր ռուս մասնագետներ, ու այդ ատոմակայանը պաշտպանում է նաև ռուսական 102-րդ ռազմաբազան, և նույնիսկ խոցելու դեպքում եթե հաջողվի, ապա կլինի Չեռնոբիլի օրինակը», — համոզված է լրագրողը:

Հրեա բլոգերը նաև հաղորդել է, որ Ադրբեջանը մինչև օրս չի հրաժարվել իրեն կրկին ձերբակալելու, առևանգելու և նույնիսկ սպանելու փորձերից:

Լապշինն այժմ գտնվում է Իսրայելի հատուկ ծառայությունների պաշտպանության ներքո:

Նյութի աղբյուրը՝ www.azatutyun.am

Այլ Գրառումներ