Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ վերջին օրերին Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից 7 ԱԳՆ-ից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, որ Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, որ իբր7 թե Հայաստանն է ռազմական ագրեսիայի հեղինակը։ Այս զարգացումների մասին իր տեսակետն է հայտնել թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
– Պարոն Գաբրիելյան, նախ, ձեր գնահատմամբ` ինչո՞վ են տարբերվում Թուրքիայի նշյալ հայտարարություններն, օրինակ, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ կատարած հայտարարություններից և ինչո՞վ է պայմանավորված ոչ թե Արցախի, այլ ՀՀ սահմանին հակառակորդի ագրեսիայի հանդեպ Թուրքիայի նման «նախանձախնդրությունն» ու հետաքրքրությունը։
– Իսկապես, տավուշյան թեժացման հանդեպ Թուրքիայի արձագանքը բավականին արագ է, բազմաշերտ, կոշտ, անգամ՝ սպառնալից և այդ առումով այն գերազանցում է ապրիլյան թեժացման ժամանակ իր իսկ արձագանքը։ Սրա պատճառների հիմքում կառանձնացնեի 3 հիմնական գործոն.
1.Բազմաթիվ պատճառներով վերջին տարիներին Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար աճել է շեշտակի։ Հիմնական կետերից մեկն առնչվում է գազային ոլորտին։ 2019թ. Ադրբեջանը Թուրքիային գազամատակարարումների ծավալով դուրս է եկել 2-րդ տեղ՝ գերազանցելով Իրանին եւ զիջելով Ռուսաստանին։ Նախորդ տարի Թուրքիան գրեթե 40 տոկոսով նվազեցրել է ռուսական գազի մատակարարումները, փոխարենը գրեթե 30 տոկոսով մեծացրել է ադրբեջանական գազի ներկրումները, որի գինն ավելի էժան է Թուրքիայի համար։ Իսկ ահա այս տարվա մարտից սկսած՝ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի թիվ մեկ գազամատակարարը, իսկ Ռուսաստանը հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ զիջելով նաև Իրանին։ Արդյունքում Ռուսաստանի մասնաբաժինը Թուրքիայի կողմից գազի ներկրումներում 33 տոկոսից նվազել է մինչեւ 9,9 տոկոսի։ Բացի այդ, այս տարվա հոկտեմբերից մեկնարկելու են ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպային՝ Թուրքիայի տարածքով։ Այսինքն, ադրբեջանական գազն առաջին անգամ հայտնվելու է Եվրոպայում, իսկ հեռանկարում՝ նույն երթուղով կարող է Եվրոպային մատակարարվել միջինասիական երկրների գազը, եթե Կասպից ծովի հատակով կառուցվի «Անդրկասպյան» գազատարը։ Այս ամենը ի ցույց է դնում Թուրքիայի համար Ադրբեջանի կարևորության աճը, և որքան աճում է այդ կարևորությունը, բնականաբար, այնքան շատ Թուրքիան պետք է փորձի աջակցել Ադրբեջանին, այնքան զգայուն է դառնում նա Ադրբեջանին (և այդպիսով հենց իրեն) առնչվող խնդիրների հանդեպ։
