Վարչապետը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Վերջինիս մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Քանի որ սա Եվրասիական տնտեսական խորհրդի առաջին հանդիպումն է Ռոման Ալեքսանդրիի և Կուբատբեկ Այիլչևի մասնակցությամբ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Բելառուսի և Ղրղզստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և բոլոր նպատակների իրականացում այս կարևոր և պատասխանատու պաշտոնում:

Սա մեր առաջին հանդիպումն է երկար դադարից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս կապակցությամբ կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մեր միությունը պատվով է դիմագրավել այս փորձությանը: Այն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում: Հանձնաժողովը ոչ մի վայրկյան չընդհատեց իր գործունեությունը: Իսկ Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնք անցկացվել են տեսակապի միջոցով, ոչ միայն մեզ հնարավորություն տվեցին փոխանակվել մեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև թույլ են տվել շարունակել հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր ինտեգրացիայի ապագայի համար։

Այսօր այս դժվարություններն այս կամ այն չափով զգում են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության: Ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը: Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար:

Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»:

Մանրամասնները՝ տեսանյությում

Այլ Գրառումներ