Թուրքիայի ՊԱԳՎ պետը հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան զինվորական պատվիրակության հետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հուլիսի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևին:

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, սկսած ԱԹՍ-ներից մինչև զինամթերք ու հրթիռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ՝ իր ողջ փորձով, տեխնոլոգիաներով և հնարավորություններով։

Ավելի վաղ Զաքիր Հասանովը իր վերջին հարցազրույցներում վկայակոչել էր Թուրքիայի հետ կնքված ռազմական ֆինանսավորման համաձայնագռի մասին և  հայտարարել Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռք բերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Թեև չէր նշվում, թե ինչ ԱԹՍ-ի գնման մասին է խոսքը, հնարավոր է, որ դրանք կլինեն հարվածային Bayraktar TB2-ներ կամ Anka-S։

Հանդիպման ժամանակ ՊԱԳՎ պետը հավելել է, որ բացի ադրբեջանական բանակին նոր համակարգեր մատակարարելուց, իրենք միասին աշխատելու են նաև առկա համակարգերի արդիականացման, վերանորոգման և ուսումնական վարժանքների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը պաշտոնական այցով  Թուրքիա մեկնել, որտեղ հանդիպել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին՝ քննարկելու հուլիսի 12-ից Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում սկսված մարտական գործողությունները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատվիրակության կազմում է եղել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը։

Նյութի աղբյուրը՝ razm.info

Այլ Գրառումներ