Մենք ՀԱՊԿ-ին չենք դիմել, մեր նպատակը լրիվ այլ էր․ Շավարշ Քոչարյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Մինսկում լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ-ն չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը օգնության համար։

«ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարն անդրադառնալով իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչին, նշեց, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ, եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող, վիրավորվել 10-ը: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Հուլիսի 17-ի գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր:

Հուլիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:

Նյութի աղբյուր՝ armenpress.am

Այլ Գրառումներ