Աշխարհը փոխվել է, Ադրբեջանը զրկվում է լեգիտիմությունից. Զոհրաբ Մնացականյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ և նրանց ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում իրադարձություններն ու Ադրբեջանի գործողությունները խաղաղ բնակչության դեմ: Միաժամանակ Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Թուրքիայի կողմնակալ և սպառնալից պահվածքը:

Անցնող սահմանային լարված օրերին հաճախակի քննարկվող թեմաներից մեկը միջազգային հանրության վերաբերմունքն է տեղի ունեցողին և արձագանքը ադրբեջանական սադրանքին: Հայաստանի հանրությանը հերթական անգամ արդարացիորեն վրդովեցնում է այն, որ այդ արձագանքում գերակշռողը հավասարության նշանն է, անհասցե կոչերը, երբ հայտնի է, որ Բաքուն է մշտապես վարել ու վարում բաց ռազմատենչ հռետորաբանություն և տեղում սպառնալիքներ:

Միևնույն ժամանակ, սակայն, Հայաստանի և միջազգային հանրության աշխատանքը այդ տեսանկյունից ունի թերևս բավականին նուրբ քաղաքական շերտեր, և այստեղ հայաստանյան հանրության համար ըստ երևույթին հարկ է արձանագրել մի կարևոր բան՝ միջազգային հանրությունը խոշոր հաշվով արբիտր է, որը արձագանքելու է կատարված փաստերին: Ըստ այդմ՝ կարևորն այն է, թե Հայաստանն ինչ փաստեր է դնում միջազգային հանրության առաջ թե՛ ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ, թե՛ դրանց հանդեպ պատժիչ գործողությունների: Ասել կուզի՝ միջազգային հանրության դե ֆակտո արձագանքը կախված է այն բանից, թե ռազմական բախման այս կամ այն դրվագում որ կողմն է կարողանում մյուսին պարտադրել իր ուժն ու իրավունքը: Այդ պայմաններում առերևույթ հավասարության նշանների ներքո իրական քաղաքականության ռեժիմում աջակցությունը լինում է թերևս նկատելի և շոշափելի:

Ահա այդ իմաստով տավուշյան սահմանագոտում տեղի ունեցածը անկասկած հայկական հաղթանակն էր, իսկ այն լեգիտիմ է միջազգային հանրության շրջանակում, և պատճառն այստեղ իհարկե միայն հաղթանակի փաստը չէ ինքնին: Բանն այն է, որ Ադրբեջանը ապալեգիտիմանում է ընդհանրապես միջազգային անվտանգության քաղաքականության, միջազգային անվտանգության համակարգի տեսանկյունից, ինչի պատճառը հենց այն ռազմատենչ քաղաքականությունն է, որի հեղինակն ու իր իսկ քաղաքականության պատանդն է Ադրբեջանի ներկայիս նախագահը:

Բանն այն է, որ համաշխարհային վերափոխումների համատեքստում Ադրբեջանն այսօր ամենևին չունի այն էներգետիկ նշանակությունը, որի մասին խոսում էին 15-20 տարի առաջ: Աշխարհն այդ ընթացքում շատ է փոխվել, արձանագրել տեխնոլոգիական չավարտվող հեղափոխություն, ուժերի հարաբերակցություն, տնտեսության պահանջարկի կառուցվածքի փոփոխություն, միաժամանակ նաև աշխարհում գերակա բևեռների տրանսֆորմացիա: Ահա այդ համատեքստում Ադրբեջանից մնացել է միայն պատերազմի սպառնալիքը, որը ներկայումս պետք է գուցե միայն Թուրքիային, այն էլ ոչ իբրև գործուն միջոց, այլ որպես սահմանափակ օգտագործման խաղաքարտ: Ի վերջո, դիվանագիտությունից Ալիևի դժգոհությունը ամենևին մեկ հանգամանքով պայմանավորված իրողություն չէ, այն դժգոհություն է աշխարհից, որովհետև դիվանագիտությունն է այդ հաղորդակցության միջոցը:

Աղբյուրը՝ 1in.am

Այլ Գրառումներ