Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական տիրող իրավիճակին անրադարձ կատարել նաև ավստրիական APA լրատվական հարթակը։
Հոդվածում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հուլիսի 12-ից սրվել է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումամբ: Հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ ռազմական ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարելով: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքերը: Մեկ ժամ հետո ադրբեջանական կողմն, ականանետներով հարվածելով հայկական դիրքին, անցել է հարձակման, ինչը նույնպես հետ է շպրտվել: Հարկ է նշել, որ այդ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը բացահայտորեն ագրեսիա են Հայաստանի տարածքի նկատմամբ:
Պետք է նշել, որ ադրբեջանական զինուժի թիրախը եղել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղեկայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքը: Որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի պաշտպանելու թե՛ իր տարածքը, և թե՛ իր տարածքում գտնվող մարտական դիրքերը։
Հուլիսի 13-ին և 14-ին ադրբեջանական կողմը շարունակել է ընդլայնել իր սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին՝ ռմբակոծելով Տավուշի մարզի մի քանի գյուղեր և օգտագործելով թռչող սարքեր, 83մմ և 120 մմ տրամագծի ականանետներ, հրետանի և տանկ:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ վերջին օրերին թիրախավորելով Բերդ քաղաքը և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այդ ամենի հետևանքով վնասվել են քաղաքացիական որոշ ենթակառուցվածքներ՝ այդ թվում նաև COVID-19-ի համար օրական 300.000 դիմակ արտադրող գործարանը, մանկապարտեզ, ՀՀ Արտակարգ իրավիճակների ավտոմեքենան:
Վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն վարում է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում իրադրությունը լարված պահելուն միտված քաղաքականություն՝ հետզհետե ընդլայնելով նաև այդ լարվածության աշխարհագրական սահմանները , մշտապես փորձելով ամրապնդել իր մարտական դիրքերը և ուղիղ նշանառության տակ պահելով Հայաստանի սահմանամերձ գյուղերը և քաղաքները:
Ինչպես և նախկինում, Ադրբեջանն իր հրետանային միավորումները, որով ռմբակոծում է հայկական բնակավայրերը, տեղակայում է հենց ադրբեջանական բնակավայրերում՝ դրանով իսկ քաղաքացիական բնակչությանն օգտագործելով որպես վահան` հայկական կողմի հնարավոր պատասխան արձագանքի դեպքում:
Անդրադառնալով պատճառներին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին առողջապահական անվտանգության կանոնները պահպանելու կոչեր անելու, հանդես է գալիս ռազմական պատերազմի կոչերով՝ կարծես թե հակահայկականությունը դարձնելով կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոց:
Այս ամենը հիմնականում պայմանավորված է այն դժվարություններով, որին առերեսվել է Ադրբեջանի բռնապետական վարչակազմը. այլակարծության և ազատ մամուլի բացակայություն, քաղբանտարկյալներ, COVID-19-ի դեմ անարդյունավետ պայքար, նավթամթերքի գնանկում: Ակնհայտ է, որ համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները, վերջին շրջանում Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք ընթանում են նաև պետական կառավարման տարբեր կառույցներում (այդ թվում՝ արտգործնախարարությունում ձերբակալությունների միջոցով), ստեղծել են ներքին քաղաքական մարտահրավերներ: Հերթական անգամ Ադրբեջանը երկրում առկա ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու նպատակով շահագործում է ԼՂ հակամարտությունը և փորձում ներքին համախմբում իրականացնել արտաքին թշնամու կերպարի շուրջ։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը և քաղաքական ղեկավարությունը տարբեր առիթներով այս սադրիչ գործողությունները ներկայացնում են որպես կարևոր ձեռքբերումներ և Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակ՝ վառ ընդգծված ռազմական հռետորաբանությամբ շեշտելով, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կարող են ռազմական ուժ կիրառել ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճում աչքի է ընկնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի նկատմամբ: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ադրբեջանի ղեկավարությունն իր ժողովրդին առողջապահական անվտանգության կանոնները պահպանելու կոչի փոխարեն հանդես է գալիս պատերազմական կոչերով և գործողություններով:
Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերին և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է հանդես գալ ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, այլ նաև, ցավոք սրտի, այսօր դրանք նաև իրականացնում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստագույնս դատապարտել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ Հայաստանը, հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը, հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ցանկացած փորձ, որն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետության դեմ, ստանալու է համարժեք պատասխան: Հայաստանը հետևողական կոչ է արել բոլոր խնդիրները լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով, սա է միակ գրավականը՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման համար»:
Նյութի աղբյուրը՝ www.ots.at
