Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Պտղնի համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ՝ հաղորդում են ՔԿ տեղեկատվության բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը, 1991 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում, վատնման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դեռևս 2015 թ. հոկտեմբերի 15-ին համայնքի միջոցներով՝ 439.000 ՀՀ դրամով ծառայողական նպատակով ձեռք բերված և իրեն վստահված «Iphone 6S» մոդելի բջջային հեռախոսը 2017 թ. նոյեմբերի 29-ին տվել է որդուն՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը:

Բացի այդ, Պտղնի համայնքի ղեկավարը, իր կողմից վատնման եղանակով կատարված զգալի չափի հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, շուրջ մեկ ամիս անց՝ 2017 թ. դեկտեմբերի 25-ին, հաստատել է համայնքապետարանի հիմնական միջոցների խոտանման կեղծ ակտը, որում որպես հետագա օգտագործման համար ոչ պիտանի, վերանորոգման ոչ ենթակա գույք նշվել է նաև վատնման եղանակով հափշտակած և որդու կողմից փաստացի օգտագործվող վերոնշյալ բջջային հեռախոսը, այն դուրս է գրել Պտղնիի համայնքապետարանի հիմնական միջոցների հաշվեկշռից՝ այդ կերպ կատարելով պաշտոնեական կեղծիք: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք):

Նախաքննությունը շարունակվում է:

Նյութի աղբյուրը՝ 1lurer.am

Այլ Գրառումներ