ՌԻԱ Նովոստին գրում է,- «Կրեմլում լրջորեն մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրության կապակցությամբ և կողմերին զսպվածության ու հրադադարի կոչ են անում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը
«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների կապակցությամբ։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի ռեժիմի շրջանակում իրենց պարտավորություններին»,- ասել է Պեսկովը՝ ներկայացնելով Կրեմլի գնահատականը։ Նա նաև վերահաստատել է միջնորդական առաքելություն իրականացնելու՝ Ռուսաստանի պատրաստակամությունը։
«Մենք այդ մասին արդեն հայտարարել ենք տարբեր մակարդակներով, լինելով Մինսկի խմբի անդամ՝ պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար։ Գիտեք, որ ակտիվ հեռախոսային շփումներ են եղել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Բաքվից ու Երևանից նրա գործընկերների միջև։ Եվս մեկ անգամ երկու կողմին էլ զսպվածության կոչ ենք անում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Աղբյուրը՝ ria.ru
