ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ողջունելով դեսպանին՝ նախարարն նախ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարություններին, ինչպես նաև Հայաստանում և ԱՄՆ-ում ծագած մարտահրավերին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում համավարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված կառավարության պետական աջակցության ծրագրերի ընթացքը և գրանցված արդյունքները:
Իր հերթին դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Հայաստանը բավականին մեծ պոտենցիալ ունի և դրանով իսկ շարունակում է ուրվագծել իր բարձր տեխնոլոգիական ապագան: Դեսպանը նշել է, որ նմանատիպ բարձրաստիճան պաշտոնական հանդիպումները այսպիսի նախաձեռնությունների շուրջ կօգնեն Միացյալ Նահանգներին ու Հայաստանին նորարարության առաջամարտիկների դիրքում լինել՝ միևնույն ժամանակ գործելով ընդհանուր արժեքներից և երկու երկրների ազգային անվտանգության շահերից։
Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄՆ Սիլիկոնյան հովիտը հանդիսանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համագործակցության գլխավոր ուղղություններից մեկը, և ԲՏԱՆ կողմից իրականացվող ՙՎիրտուալ կամուրջ՚ ծրագրի շրջանակներում ապահովվելու է 45 մասնակիցների այցելություն Սիլիկոնյան հովիտ՝ ներդրումների ներգրավման և Դրեյփերի համալսարանում գործարար փորձառության ձեռքբերման նպատակով:
Դեսպանը բարձր է գնահատել հատկապես այն, որ Հայաստանն իր բարձր տեխնոլոգիական առաջընթացն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ մատնանշելով փորձագետների ներգրավման հնարավորությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անրադարձել են նաև կիբերանվտագության և նորագույն 5G ծածկույթի հետ պայմանավորված ռիսկերի գնահատման ու դրանց կառավարման գործընթացներին, PayPal-ի, Youtube-ի և Google-ի՝ հայաստանյան շուկայում հանդես գալու և կիրառման հիմնախնդիրներին, ինչի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Կողմերը բարձր են գնահատել տեխնոլոգիական արդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքները և պայմանավորվածություններ ձեռք բերել փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ:
Նյութի աղբյուր՝ www.hti.am
