Հայաստանն այսուհետ ունի Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը որևէ պարագայում չպետք է վերածվի գեղեցիկ հռչակումների․ Արման Բաբաջանյան

հեղինակ - admin

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը։ Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում, քանի որ 2007 թվականից ի վեր Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխությունների չէր ենթարկվել, այն դեպքում, երբ անցած ժամանակահատվածում ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում տեղի են ունեցել արմատական, առանցքային փոփոխություններ ու վերադասավորումներ՝ պետության համար ստեղծելով միանգամայն նոր մարտահրավերներ ու խնդիրներ։

Այս ընթացքում է տեղի ունեցել նաև ապրիլյան պատերազմը, թավշյա հեղափոխությունը, որը Հայաստանում սկիզբ է դրել որակական ու սկզբունքային վերափոխումների, որոնք չէին կարող չանդրադառնալ Ազգային անվտանգության ռազմավարության վրա։

Այդ փաստաթուղթը վերատեսության ենթարկելու անհրաժեշտությունն առաջացել էր շատ վաղուց և այսօր նոր ռազմավարության ընդունումը պետք է ողջունելի ու դրական համարել։

Ազգային անվտանգության ռազմավարությունն՝ ինքնին որպես փաստաթուղթ ունի կարևորագույն ինստիտուցիոնալ նշանակություն ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային կառավարման մյուս ենթահամակարգերի համար։ Սակայն չափազանց կարևոր է նաև այդ փաստաթղթի կիրառականությունը, այսինքն՝ այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն Ազգային Անվտանգության ռազմավարության իրացումը գործնական կյանքում, իրական քաղաքականության մեջ։ Հետևաբար պետական կառավարման ու քաղաքական համակարգի ներկայացուցիչների խնդիրը պետք է լինի այդ փաստաթղթի կիրառականությունն ապահովող մեխանիզմների ու կառուցակարգերի մշակումն ու գործարկումը։

Ազգային անվտանգության ռազմավարությունը բավական ծավալուն փաստաթուղթ է՝ բաղկացած պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներից ու ուղղություններից, որոնցից ամենակարևորներին կանդրադառնամ առաջիկայում։

Մինչև այդ ընդամենն արձանագրենք, որ Հայաստանն այսուհետ ունի Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը որևէ պարագայում չպետք է վերածվի գեղեցիկ հռչակումների ու զեղումների շարադրանքի և պետք է դառնա ամենօրյա աշխատանքի, ներքին ու արտաքին քաղաքականության գործնական իրականացման ճանապարհային քարտեզ։

Այլ Գրառումներ