Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանն ու Արմեն Մազմանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Հանրապետության նախագահը ողջունել է մասնագիտական նման հանձնածողով ստեղծելու վարչապետի որոշումը, և ասել. «Դուք՝ որպես հանձնաժողով, զբաղվելու եք մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկով՝ թիվ մեկ օրենքի բարեփոխմամբ»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես խոսել են հանձնաժողովի աշխատանքների, փաստաթղթի մշակման գործընթացի մասին, ներկայացրել իրենց դիտարկումները:

Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է հնչած կարծիքներին ու տեսակետներին՝ նշելով, որ ցանկացած հարց, ընդհուպ մինչև Սահմանադրության հարցը քննարկելիս ուղղակի սխալ կլինի չնկատել, որ աշխարհը փոխվում է։ «Եթե մենք անելու ենք սահմանադրական փոփոխություններ, ապա անպայման պետք է հաշվի առնենք, որ բարեփոխված, զարգացած Սահմանադրությունը պետք է ապրի և գործի Հայաստանում և 21-րդ դարում»,-ասել է նախագահը։

Ինչ վերաբերում է «նախագահական, թե՞ խորհրդարանական համակարգ» քննարկումներին, նախագահն նշել է. «Այսօր քննարկել՝ նախագահական, թե խորհրդարանական…Սա ճանապարհից շեղման քննարկում է: Քննարկումը պետք է լինի ըստ էության, և եթե մենք այսօր խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, ապա շատ էական է քննարկել, թե ինչպես անենք, որ այդ համակարգը մեր Սահմանադրությամբ և նրանից բխող օրենքներով լինի լավագույններից մեկը և լինի մերը։ Աշխարհի լավագույնը եթե վերցնես և կիրառես ուղիղ ու անփոփոխ, չի ստացվի: Երբ ասում ենք, որ պետք է գտնենք մեր ազգայինը, մերն ինչ-որ վերացական բան չէ, մեզ առանձնահատուկ ազգ կամ պետություն դարձնելու նպատակ չունի, այլ՝ պարզապես մենք պետք է վերցնենք աշխարհի լավագույն փորձը և այն կիրառենք՝ անպայման հաշվի առնելով մեր մշակույթը, պատմությունը, մեր այսօրվա իրականությունը։ Մենք պետք է գտնենք մերը, որը լավագույնն է»։

Նախագահը նաև ընգծել է, որ «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձևակերպված լինի, -Ուղեցույցը պետք է լինի հանրային։ Կան տարբեր ճանապարհներ՝ դուք ունեք հանձնաժողով, և նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին լսելով, ուղեցույցը ձևակերպելուց հետո դրեք այն հանրային քննարկման: Գտեք այն ձևը, որով հանրությունը քննարկի ուղեցույցը։ Չպետք է լինի այնպես, որ Հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածենք հանրային քննարկման մասին։ Ուղեցույցը նախապես պետք է դրվի քննարկման, որպեսզի շատ հարցերի պատասխանները լինեն, որ հասարակ մարդիկ իմանան, թե դուք ինչ եք ուզում փոխել: Բոլորի համար վստահելի փաստաթուղթ ձևավորելու ճանապարհներից մեկը ուղեցույցի հանրային քննարկումն է, և որքան շուտ, այնքան լավ»։

Խոսելով երկրի Հիմնական օրենքի մասին՝ նախագահն ասել է, որ Սահմանադրությունը նաև մշակույթ է և փիլիսոփայություն: «Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա գրված օրենքները չեն,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ մեր հանրությունը օրենքը չխախտի, որովհետև իր մշակութի մեջ դա չի լինի»։

Կարևորելով զսպումների և հակակշիռների պարզ մեխանիզմը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դա հնարավորություն կտա խուսափել այնպիսի խնդիրներից ու իրավիճակներից, որոնց անցած երկու տարվա ընթացքում նախագահական ինստիտուտը բախվել է: Որպես օրինակ՝ Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խնդրին, նշելով, որ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Հետևաբար, ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն:

Ըստ Հանրապետության նախագահի, որպես հնարավոր լուծման տարբերակ կարող է լինել, օրինակ, այն, որ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը: «Սա պարզ օրինակ է, կան նաև այլ օրինակներ, թե ինչ քայլեր կարելի է անել, որպեսզի ապագայում և ապագա նախագահներն աշխատեն այնպիսի պայմաններում, որ Սահմանադրությունը յուրաքանչյուր ինստիտուտի հնարավորություն տա լիարժեք կատարելու իր պարտականությունը»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Լուսանկարները՝ president.am

Նյութի աղբյուրը՝ president.am

Այլ Գրառումներ