Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր 81 տարեկան հասակում մահացել է 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։

Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի  3-ին Սպիտակի շրջանի Մեծ  Պարնի  գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի (Լենինական), որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի  բժշկական ուսումնարանը: 

1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։

Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում՝ որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։

Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ։ 

1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 

1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 

1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 

1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, 1989 թվականից՝ «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 

1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի գրողների միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական։

2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։

Առաջին  բանաստեղծությունը  տպագրվել  է 1957 թ. Լենինականի  «Բանվոր»  թերթում,  առաջին  ժողովածուն՝ 1963-ին:

Ռազմիկ Դավոյանը ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Նրա կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա գազետա», ֆրանսիական «Ֆիգարո», բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։

1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։  1972-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվել է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում՝ 1984-ին։

1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

Դավոյանը 1985 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, 2003-ին՝ Հայաստանի պետական մրցանակի, 2010-ին՝ Հայաստանի Պետական առաջին կարգի մրցանակի, 1998-ին ստացել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2011-ին՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ:

Դավոյանն ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2010), Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2015):

Դավոյանը Երևանի պատվավոր քաղաքացի էր (2017):

Այլ Գրառումներ