Հանցագործությունների ընդհանուր թվաքանակն 2021-ին աճել է 14,3%-ով. ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում

հեղինակ - admin

 ՀՀ ոստիկանության կոլեգիայի հունվարի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

«2021 թ. ընթացքում, չնայած հետպատերազմյան իրավիճակով, ինչպես և Ազգային ժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է օպերատիվ իրավիճակը, պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը:
Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ հարկ է նշել, որ 2021 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3%-ով կամ 3777 դեպքով (2020 թ.` 26468, 2021 թ.՝ 30245), ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների (աճ՝ 1695-ով), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 188-ով), խարդախությունների (աճ՝ 127-ով), ինչպես և առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (աճ՝ 318-ով) թվի աճով:
Գրանցված 30245 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (17460 դեպք կամ 57,7%) և միջին ծանրության (7988 դեպք կամ 26,4%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,1%-ը:

Ըստ հիմնական հանցատեսակների` աճել են սպանության (50-60), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (81-93), գողության (9523-11218), ավազակության (39-41), խարդախության (1716-1843), համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների (154-181), տրանսպորտային միջոցներ փախցնելու (46-54) և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (1360-1548) դեպքերը:

Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1024-976), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (224-218), բռնաբարության ու բռնաբարության փորձի (25-14), բնակարանային գողության (1255-1192), կողոպուտի (163-146), յուրացման կամ վատնման (525-473) և խուլիգանության (338-322) դեպքերը:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 37510 հանցագործության դեպքերից 57,7%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ (2020 թ.՝ 31953 հանցագործության դեպքերից՝ 55,7%-ով): Ծանր՝ 6694 հանցագործություններով՝ 34,4% (2020թ .՝ 5974 հանցագործություններով՝ 35,3%), առանձնապես ծանր՝ 584 հանցագործություններով՝ 58,0% (470 հանցագործություններով՝ 54,9%):

2021 թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 10 (6) դեպք:
Հայտնաբերվել է 950 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 237-ը (157) կաշառակերության դեպքեր են, 129-ը (160)՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման, 113-ը (155)՝ պաշտոնեական կեղծիքի, 271-ը (389)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 50-ը (52)՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է ընդհանուր 185671 նյութ, հարուցվել է 15797 քրեական գործ:
Արձանագրվել է 4604 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 368 և մարմնական վնասվածքներ ստացել 6699 անձ:

2021 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1771 (2020 թ.՝ 1922) ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 587 (844) ծառայող:
Ելույթներում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ, ամփոփելով կոլեգիայի նիստը, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքը և մատնանշեց թերություններն ու բացթողումները։

Նշվում է, որ Ոստիկանության պետը 2022 թվականը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի և տվել համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ։

Կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվել են ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի և Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինները: Լավագույնի կոչման ու պարգևների են արժանացել նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

Այլ Գրառումներ