ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջիմ Բենքսը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների սահմանման և այլ նպատակների մասին» օրինագիծը՝ տեղեկանում ենք ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքից:
Նախագծի համաձայն՝ առաջարկվում է ՌԴ-ն անջատել միջազգային ֆինանսական գործարքների SWIFT համակարգից, պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, կառավարության այլ անդամների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, որոշ գործարարների և լրագրողների նկատմամբ:
Ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին էր անդրադարձել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանի, այդ թվում՝ երկրի ղեկավարության դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել երկրների միջև հարաբերությունների լիակատար խզման, ինչը չի բխի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից: