Դեսպանատներ ենք ունեցել՝ ֆինանսավորվել են անհատի գրպանից. Կառավարությունն ավելացնում է դիվանագետների ֆինանսավորումը

հեղինակ - admin

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վերանայվեցին արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ գործող կարգը հաստատվել է 2014 թ-ին և մինչ օրս չի վերանայվել:

«Գործող փոխհատուցման չափերը գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին: Ուստի առաջարկվում է փոխհատուցման չափերի վերահաշվարկի հատուկ բանաձև՝ ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրողությունների»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանն ասաց, որ ազգային ինդեքսի հիմքում ընկած է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը, որի հետ կապված՝ իրականացրել են որոշակի սրբագրումներ, և առաջարկվող ինդեքսը ստուգվել ու հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցչի կողմից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ այս որոշման ընդունումը կարող է առաջին հայացքից խիստ անպատեհ թվալ, քանի որ Հայաստանում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան:

«2018-2019 թվականների դրությամբ դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից, այսինքն՝ դեսպանատունը ֆինանսավորվում է անհատի գրպանից։ Մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով։ Շատ հաճախ քննադատում ենք մեր դիվանագիտական ծառայությանը, բայց հարց տվել ենք, թե իրենք ի՞նչ միջավայրում են աշխատում։ Մենք պետք է ՀՀ-ում պետական ինստիտուտների և պատական համակարգի կայացման ճանապարհով գնանք»,- հայտարարեց վարչապետը:

Այլ Գրառումներ