«Ավրորան» հայտարարում է Արցախի աջակցության ծրագրերի 5-րդ փուլը

հեղինակ - admin


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախում աջակցության նախագծերը, որոնք ուղղված են 2020 թ. պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը:

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան ֆինանսական աջակցություն «Ավրորա» մրցանակի դրամական ֆոնդից, և որը կկրկնապատկվի «Ավրորայի» համահիմնադիրների կողմից՝ հոգալու տեղի բնակչության կարիքները:

«Ավրորան՝ Արցախին» ծրագիրն այս փուլում 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրի արցախցիներին ուղղված նախագծերին: 

  1. Օրթոպեդիկ վիրահատություններ Արցախում («Հայաստանի ճամփորդող բժիշկներ» ՀԿ)
  2. Արցախում միակ օրթոպեդիկ կենտրոնի զարգացում («Օրթոլաբ» ՍՊԸ)
  3. «Ձեռք ձեռքի» ստոմատոլոգիական կենտրոն («Ձեռք ձեռքի» ստոմատոլոգիական բարեգործական կազմակերպություն)
  4. «Հանգանակ» տարեցների կլինիկա. Աջակցություն՝ Ստեփանակերտում ծրագրի ընդլայնմանը և շտապ  բնակարանների տրամադրմանը (Հայ կանանց բարեկեցության ընկերակցություն (AWWA))
  5. Նոր դպրոց տեղահանված երեխաների համար Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում («Ապրելու Արցախ» հիմնադրամ)
  6. Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագիր («Վերածնված հայրենիք» ՀԿ)
  7. «Թափոններից՝ ջերմություն». Հայաստանի սահմանամերձ համայնքներում էկոլոգիապես մաքուր այլընտրանքային վառելիքի արտադրության սոցիալական ձեռնարկություն (Մերձավոր Արևելքի հիմնադրամ)
  8. Մաճկալաշենի դպրոցի վերանորոգում և ընդլայնում («Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ)
  9. Աջակցություն՝ սահմանամերձ  բնակչության շրջանում կրծքագեղձի, վահանաձև գեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով առողջապահական ծառայությունների մատուցմանը (Հայ-ամերիկյան առողջության կենտրոն)
  10. «Քայլ տուր, հնարավորություն տուր». աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական աշխատանքների մոնիտորինգի համար ստենդային մահճակալի և 10 «Քայլաբեր» թվային սարքի ձեռքբերմանը («ՔայլԹեք» ՍՊԸ)
  11. Թվային Արցախ. աջակցություն՝ Արցախի գյուղական համայնքների երիտասարդների զորացմանը («Ես» կրթական հիմնադրամ)
  12. Գիտելիքահենք գյուղատնտեսությունն ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է. դասընթաց ջերմոցային մշակաբույսերի աճեցման վերաբերյալ («Կրթություն հանուն ապագայի» ՀԿ)
  13. Բժիշկներ Արցախի համար. աջակցություն բժիշկների աշխատանքային գործուղումների կազմակերպմանը՝ Արցախում բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով («Հայ օգնության ֆոնդ»): 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ Երևանում կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի ողջ հասույթը՝ մոտ 25000 ԱՄՆ դոլար, նվիրաբերվում է Հայաստանում ապրող տեղահանված մարդկանց աջակցությանը։

«Ավրորան» այս միջոցները կուղղի նրանց սննդի ապահովմանը. ձմռանը սննդամթերք (կարտոֆիլ, կաղամբ, պանիր և այլն) կտրամադրվի սոցիալապես խոցելի ընտանիքներին: Բացի այդ, կարտոֆիլի մշակմամբ հետաքրքրված մարդկանց կտրամադրվի Գավառի բարձր որակի կարտոֆիլի սերմացու:

Ակնկալվում է, որ այս նախագծից կօգտվի ավելի քան 3200 մարդ: Այն կիրականացնի «Աժդահակ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը:  

Այլ Գրառումներ